Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, զուսպ հավանություն է ստացել Երևանում և զայրացրել Բաքվին: Ադրբեջանի խորհրդարանը կառավարությունից պահանջել է վերանայել Փարիզի հետ իր հարաբերությունները: Անկարան միջամտել է դիվանագիտական «փոխհրաձգությանը», իսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն շտապել է հետ կանգնել Սենատի կողմից ընդունված փաստաթղթից: Ի՞նչն է հանգեցրել սկանդալին, և ինչպե՞ս դա կանդրադառնա Ղարաբաղի ապագայի վրա՝ փորձել է պարզել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Համերաշխություն Հայաստանին

Նոյեմբերի 25-ին ընդունված բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ: Փաստաթուղթը կոչ է անում տրամադրել մարդասիրական օգնություն և հետաքննել ռազմական հանցագործությունները: Այն նաև խոսում է տեղահանված անձանց վերադառնալու իրավունքի և Հայաստանի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին:

«Բանաձևը ուժեղ քաղաքական ակտ է, որը ցույց է տալիս մեր համերաշխությունը Հայաստանին»,- ասել է Սենատի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը:

Սակայն Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը Սենատի նախաձեռնությանը սառն է արձագանքել` նշելով, որ Փարիզի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը օգտակար չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի բնակչության, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ  Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների, ո՛չ էլ Եվրոպայի համար:

Հասկանալի պատճառներով բանաձևը ջերմորեն ողջունվել է Ստեփանակերտում: ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորին երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի սենատորներին և նրանց որոշումը «պատմական» բնորոշել:

Թուրքիայի արտգործնախարարությունը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատին մեղադրել է կողմնակալության համար: Բաքվի նրանց գործընկերները խորհուրդ են տվել Ֆրանսիայի Սենատին ջանքեր ներդնել «խաղաղությանը, կայունությանը և առաջընթացին նպաստող գործողությունների համար»:  Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, կառավարությանը կոչ է արել վերանայել Փարիզի հետ իր հարաբերությունները: Պատգամավորները որոշել են, որ Բաքուն պետք է «դիմի ԵԱՀԿ ղեկավարությանը Մինսկի խմբից Ֆրանսիային հեռացնելու հարցով» և, բացի այդ, «խորապես վերլուծի երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերը»:

Ամենամեծ բացահայտումը

2019 թվականին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը պնդում էր, որ նախկին խորհրդային հանրապետությունը տարածաշրջանում Ֆրանսիայի հիմնական առևտրային գործընկերն է: Անդրկովկասի երեք պետությունների հետ Ֆրանսիայի առևտրի 62%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին:

2020-ի սկզբին Բաքվում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է, որ ֆրանսիական Total կազմակերպության ներդրումները Կասպից ծովում Աբշերոնյան գազային կոնդենսատային հանքավայրի շահագործման նախագծում արդեն գերազանցել են մեկ միլիարդ եվրոն: Բացի այդ, դիվանագետը Ֆրանսիայի և Ադրբեջանի ավելի քան 600 միլիոն դոլարի առևտուրը գնահատել է որպես անբավարար: Համեմատության համար, Հայաստանի հետ նույն ցուցանիշը չէր գերազանցում 100 միլիոն դոլարը:

Հենց Total-ն է, որ մատակարարում է Ադրբեջանին ստորջրյա հորատման սարքավորումներ: Ընդհանուր առմամբ, ամբողջ նախագիծը հավասարապես բաժանված է ֆրանսիական ֆիրմայի և ադրբեջանական SOCAR պետական ընկերության միջև:

Ադրբեջանը նաև առանցքային դիրք է գրավում ТРАСЕКА ծրագրում`Կենտրոնական Ասիայից Կովկասի վրայով դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: Այս ամառ` ԼՂ շուրջ իրավիճակի սրման նախօրեին, Բաքվում Ֆրանսիայի դեսպանը ծրագրի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևի հետ քննարկել է Փարիզի դերը նոր առևտրային ուղիներ ստեղծելու գործում: Կողմերը խոսել են Ադրբեջանից Վրաստան երկաթուղու բազմամիլիոնանոց արդիականացման գործում ֆրանսիական գործակալության ներդրումների մասին:

Բացի այդ, Փարիզն օգնել է Բաքվին իրականացնել իր տիեզերական ծրագիրը: Առաջին ադրբեջանական արբանյակը ուղեծիր է դուրս բերվել Կուրու տիեզերակայանից:

Հակաթուրքական նոտա

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչվել ոչ մի պետության կողմից: ԼՂՀ կարգավիճակի մասին հարցը ծագել է այն բանից հետո, երբ 1994-ին ստորագրվել է Բիշքեկի զինադադարի արձանագրությունը: Երևանը Ղարաբաղը ճանաչելուց հրաժարվելը հիմնավորել է նրանով, որ Հայաստանը մեղադրվելու է Ադրբեջանի տարածքների շրջափակման համար, ինչը ենթադրում է պատժամիջոցներ և խափանում է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ռուսաստանցի կովկասագետ Նուրլան Գասիմովը նշում է, որ այժմ Փարիզը կարող է հետ մղվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից: Երևանին տրված բարոյական աջակցությունը և Բաքվի քթին հարվածելը կարող են հանգեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության նվազմանը, և դա ձեռնտու կլինի Թուրքիային:

«Հարցերը կարող են լուծվել ավելի գործնական ձևաչափով՝ «2+2», այսինքն՝  բանակցությունների սեղանի շուրջ կմնան մի կողմից Հայաստանն ու Ռուսաստանը, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան»,- կարծում է փորձագետը:

«Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը մտահոգություն է առաջացրել ինչպես Փարիզում, այնպես էլ` Վաշինգտոնում: Որքանով ես գիտեմ, սկսվել են ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների խորհրդակցությունները ռուս գործընկերների հետ, և Մինսկի խմբի գործընթացի մասնակիցները մանրամասներ են պահանջում»,- նշել է փորձագետը:

Բանաձևի շուրջ առաջացած սկանդալը կարող է հնարավորություն տալ Թուրքիային գործընթացներից դուրս մղել Փարիզին և Վաշինգտոնին և դառնալ միջնորդ` հակամարտության կարգավորման գործում, կարծում է Գասիմովը:

Իր հերթին կովկասագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը նշում է, որ բանաձևը, այնուամենայնիվ, դիվանագիտական հաջողություն է Երևանի համար և պարունակում է հակաթուրքական նոտա:

«Սա Ֆրանսիայի մշակութային դաշտում հայկական սփյուռքի ներկայության գործոն է: Սենատորների 305 ձայնն իսկական առաջընթաց է», - ասում է քաղաքագետը: Այնուամենայնիվ, ցանկացած դիվանագիտական փաստաթուղթ ունի տարբեր բաղադրիչներ, բացատրում է նա: Առաջին հայացքից բանաձևը հայամետ է, բայց պարունակում է նաև հակաէրդողանական նոտա, որը շատ ակտուալ է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար. Այսպես  Փարիզը հասկացնում է, որ խոչընդոտում է Եվրամիությանը ինտեգրվելու Թուրքիայի փորձերին: Չնայած հայտարարության քողարկված բնույթին, դրա բովանդակությունը կոշտ է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել