168.am-ը գրում է․

ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը եթե նախկինում պատկերացներ, որ Նիկոլ Փաշինյանը ապագայում ստորագրելու է Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթ, նրա հետ կուսակցություն հիմնելու առաջարկը չէր ընդունի:

168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՔՊ նախկին անդամը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվելուց հետո այդպես էլ չէր դարձել իշխող Հանրապետական կուսակցությանը այլընտրանք. «Փոխարենը՝ եղավ աղետ, և նոյեմբերի 10-ից այս կողմ մենք ապրում ենք այդ մղձավանջի մեջ»:

Մարինե Մանուչարյանի խոսքով՝ գործող իշխանությունները դավաճան են և հայրենադավ. «Եթե իշխանությունը չի կանգնում և բացահայտ չի ասում, որ Արցախի հարցի նմանատիպ լուծման արդյունքում մենք կորցնելու ենք թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային բոլոր երաշխիքները և մոտակա 10 տարվա ընթացքում նույնիսկ ոչնչացման եզրին կարող ենք կանգնել, այդ իշխանությունները ազգադավ են և դավաճան և օր առաջ պետք է հեռանան»:

Դիտարկմանը՝ հասարակության մի շերտ էլ կա, որ նույնն է ասում, ինչ գործող իշխանությունը, թե կարևոր չէ՝ ինչպես և ինչ պայմաններով է պատերազմը դադարել, կարևորն այն է, որ այն դադարել է, նա այսպես արձագանքեց. «Դա հասարակության այն շերտն է, որը սեփական ստամոքսից և սեփական բակից այն կողմ չի տեսնում, դա այն շերտն է, որը չի գիտակցում Արցախի կարևորությունը՝ ՀՀ գոյության առումով, դա այն շերտն է, որը չի գիտակցում, որ այսօրվա դրությամբ այն հողերը, որոնք հանձնվեցին առանց կրակոցի, ապահովում էին, ասենք, Հայաստանի ցորենային պաշարի հսկայական մասը, չի գիտակցում, որ Սյունիքի մարզի արոտավայրերի 90 տոկոսը գտնվում էր այդ տարածքներում: Այդ շերտը միգուցե կսկսի արթնանալ, երբ զգա, որ տավարի միսը եռակի թանկացավ, երբ հացը եռակի թանկացավ, դրամը ազատ անկման մեջ է: Այդ շերտն ինչ-որ բան կհասկանա միայն այն ժամանակ, երբ հոսանքը 20 դրամով թանկացնեն, կամ իր ստամոքսը սկսի քիչ-քիչ նեղվել գումարային խնդրից: Դա այն շերտն է, որը կրթված չէ, իսկ կրթությունը մեզ մոտ սկսեց դեգրադացվել անկախությունից հետո մինչ օրս, և բարձր մակարդակի չհասցվեց, որ այս հասարակությունը գիտակից շարունակի մնալ, Սովետի իներցիայով եկանք-եկանք, և միանգամից սկսեցինք տգիտանալ: Դա այն շերտն է, որ այդ ինֆորմացիայով սնվում է, ուղեղի լվացման պրոցեսով գնում է, և մինչև չի հասնում նրա կաշվին և ստամոքսին, ինքը չի արթնանալու: Այ, դրա վրա է հիմնվում Փաշինյան Նիկոլը, դրանով է նաև դատում՝ նայելով լրատվականների տակի անգրագետ վիրավորական տեքստերը, որոնք գրվում են յուրաքանչյուր բողոք արտահայտողի վրա: Դրանք հիմնականում ֆեյքեր են, դրսում ապրող հայեր են, միջին տարիքի կանայք են, ում համար Նիկոլն իրենց խեղճ զավակի տպավորությունն է թողնում՝ Գիքորն է, որին տանենք տուն-պահենք զգացողությունն է, բայց այդ մարդիկ եղանակ չեն ստեղծում: Այդ մասսան 15-20 տոկոսից ավելի չէ, բայց իրենք ֆոն են ապահովում»:

Մարինե Մանուչարյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը բնույթով շատ վախկոտ մարդ է. «Նա վախենում է սեփական շողքից: Նույն «Ադեկվադ» միաբանության Արթուր Դանիելյանի հանդեպ դեմարշներն իր անձնական վրեժխնդրության մակարդակի են»:

Նա հավատացած է, որ ամեն ինչ այսպես չի մնա, և «նիկոլիզմը Հայաստանում արմատախիլ կարվի»: Մարինե Մանուչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը երբեք օրակարգային հարց չի եղել. «Այդ մարդը ոչ ծառայել է, ոչ բանակ է տեսել, եթե նայեք նրա նախկին հոդվածները, բառապաշարը, նա իր ողջ կյանքի ընթացքում դեմարշ է արել արցախյան ազատամարտի ընթացքում որևէ դերակատարություն ունեցած մարդկանց հանդեպ: Այդ մարդիկ միգուցե սուրբ չէին, բայց ՀՀ-ում քարը քարին դրած, և ոչ մի մարդ սուրբ չէ: Միայն ոչինչ չարած մարդիկ են, որ կարող են իրենց անբիծ կենսագրությամբ հպարտանալ: Որևիցե բան արած մարդը ՀՀ-ում ունի խոցելի տեղեր, բայց գոնե մի բան արել են: 30 տարվա մեջ քար ու քրտինքից քամած և ստեղծած պետական համակարգ է՝ ուժային կառույցները, բանակը, ԱԱԾ-ն, որոնք բոլորը աշխատանքի արդյունք են: Իսկ հընթացս Սովետական Միությունից պոկված հասարակության մեջ թալանել և կերել են բոլորը: Հասկանո՞ւմ եք՝ այն հատվածը, որի ուղեղը Նիկոլ Փաշինյանը լվացել է, թե ինքը վատ է ապրում, որովհետև նախկինները թալանել են, այդ հատվածի մեջ չկա մեկը, ով եթե ունեցել է հնարավորություն պետական բյուջեից գողանալու՝ չի գողացել: Հետևաբար, դա մեր հավաքական կերպարն է»:

Հարցին՝ մինչև ո՞ւր կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ սպասել նրանից, նա պատասխանեց. «Ինքը այդ աթոռը չի թողնի, ատամներով կպահի մինչև վերջ: Արյուն կթափի, եղբայրասպան պատերազմի կհասցնի, բայց այդ աթոռից չի հրաժարվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել