News.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը լուրջ խնդիր է, եւ դրան պետք է մոտենալ հաշվի առնելով բոլոր հնարավոր հետեւանքները: Այս մասին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի քննարկումների ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի եւ արտաքին գործերի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ, իսկ Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարությունը բազմաթիվ հարցեր է թողնում, որոնցից ամենակարեւորը կարգավիճակի խնդիրն է: «Բազմաթիվ հարցեր կան, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է: Այս խնդիրները հնարավոր չէ քննարկել միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- ասել է պետքարտուղարը:

Անդրադառնալով ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ դիմելու խնդրին՝ նա նշել է, որ կա իրավասության հարց: Նա հայտարարել է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի կանոնադրությունը: Լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով, բայց այնտեղ կան տարաձայնություններ:

«Ճանաչումը լուրջ խնդիր է, եւ պետք է որոշում կայացվի՝ հաշվի առնելով բոլոր հետեւանքները: 1991-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախություն, ոչ մի պետություն դեռ չի ճանաչել այն, նույնիսկ՝ Հայաստանը: Մեր կառավարության պարտականությունն է ինքն իրեն հարց տալ՝ արդյոք այս ժեստը օգտակար կլինի՞ հենց Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է պետքարտուղարը՝ հիշեցնելով Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի պատասխանատվությունը: «Ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի՝ ոչ Լեռնային Ղարաբաղին, ոչ Հայաստանին, ոչ Ֆրանսիային, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Լուծումը չի կարող լինել միակողմանի ժեստի միջոցով: Բանակցությունները շարունակելու համար կողմերին, ավելի քան երբեւէ, անհրաժեշտ է համանախագահների օգնությունը»,- ասել է պետքարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել