Երբ Նիկոլը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասում է, որ հայ հասարակության մեծամասնությունը չի աջակցում ընդդիմության պահանջներին, երևի ուզում է «փաստել», որ մարդիկ իբրև համակերպվել են իր կապիտուլյացիայի հետ: Դա այդպես չէ: Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, ծանր հարվածներն ու կորուստները դեռ իրենց զգացնել են:

Նրա հետ, ինչ բերեց Նիկոլը մեր պետության ու ժողովրդի գլխին, ոչ մի կերպ համակերպվել չի լինելու: Ես հավատում եմ մեր ժողովրդի կենարար ուժին, նրա իմաստությանը: Մենք ուղղելու ենք մեր մեջքը, գոտեպնդելու ենք մեր ոգին և ոտքի ենք կանգնեցնելու Նիկոլի ծնկի բերած Հայաստանն ու Արցախը: Մենք թույլ չենք տալու, որ մեր թշնամիները երկար «վայելեն» իրենց վայրենի խրախճանքը: Փոխվում է աշխարհը, փոխվում են նաև նրա պահանջները:

Մենք նորից գտնելու ենք աշխարհում մեր արժանի տեղը, ամուր կանգնելու ենք մեր իրական (բնական) դաշնակից ու բարեկամ երկրների կողքին: Հայ-ռուսական անքակտելի հարաբերությունները շարունակելու են ամրապնդել Հարավային Կովկասում հայ ժողովրդի անվտանգության ու հարատևման բոլոր բաղադրիչները: Մեզ զարգացման, վերելքի ու առաջընթացի նորանոր հնարավորություններ են ընձեռվելու: Դա մեր ժողովուրդն անելու է առանց Նիկոլի դիլետանտների, առանց «դըմփ-դըմփ-հու»-երի, առանց հանրային զգոնությունը բթացնող ու ներքին ատելություն սերմանող ապազգային տարրերի:

Նիկոլի ապիկար, ապաշնորհ ու դավաճանական իշխանության դառը պտուղները երկար ժամանակ են հիշվելու, և ուզում եմ հավատալ, որ այլևս երբևէ չեն կրկնվելու ապագա Հայաստանում ու Արցախում: Այս 2,5 տարիները դառը դաս են լինելու, որից հետևություններ պետք է անի Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:

Երիցս իրավացի է Պարույր Սևակը.

«…Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:
- Ո՛չ գանգում,
Այլ մեր վերքերո՜ւմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել