Armenpress.am-ը գրում է․

Բեռլինը պատասխանել է Անկարայի արձագանքին՝ կապված  Միջերկրական ծովում գերմանական ֆրեգատի կողմից թուրքական բեռնանավը կանգնեցնելու և խուզարկելու հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik լրատվական գործակալությունը։

Նոյեմբերի 22-ին Միջերկրական ծովում Եվրամիության «Իրինի» (հուն․` խաղաղություն) առաքելության շրջանակներում ստուգումներ իրականացնող գերմանական ֆրեգատի կողմից կանգնեցված բեռնանավը կասկածվում էր դեպի Լիբիա զենք տեղափոխելու մեջ։ Գերմանացի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը: 

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը պնդում է, որ գերմանացի զինվորները գործել են ըստ հարկի, և որ Անկարայի կողմից առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

Կրամպ-Կարենբաուերն ասել է. «Գերմանացի զինվորները գործել են ԵՄ «Իրինի» գործողության լիազորությունների շրջանակներում։ Զինվորներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են»:

Անկարայի կողմից արված հայտարարության մեջ, առանց «դրոշի պետության» (flag state) համաձայնության, «Իրինի» առաքելության նավ բարձրանալը որակվել էր որպես «անօրինական» պահվածք: Անկարայի կողմից հնչեցված քննադատություններից հետո ԵՄ-ի և Իտալիայի դեսպանները և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, և թուրքական նավի դեմ «Իրինի» գործողությունը քննադատող բողոք էր ներկայացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել