168.am-ը գրում է.

Խորհրդարանում ավարտվեց ԱԺ խորհրդի դռնփակ նիստը, որտեղ քննարկվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունվել է ակնհայտ քաղաքական որոշում։

«Կողմ քվեարկեցին, որպեսզի այդ միջնորդությունը ուղարկեն Սահմանադրական դատարան։ Այն, ինչը մենք լսեցինք խորհրդի նիստում, ցույց տվեցին, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առանց որևէ վերապահումների։ Օրինակ, այն դրույթները, որոնք ներկայացնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, դրանք այնքան անհեթեթ էին, որոնք ընդհանրապես չէին վերաբերում բուն գործին»,- շեշտեց Արման Աբովյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում՝ նույնիսկ սյուրռեալիզմ էլ չէր, այլ աբսուրդի վերջին գագաթն էր.

«Որևէ հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ սույն տիկինը, որը խոսեց ամեն ինչի մասին, խոսեց շատ ձանձրալի, չբերեց։ Սա քաղաքական հաշվեհարդար է Նիկոլ Փաշինյանի կողմից»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել