168.am-ը գրում է․

Ղարաբաղյան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց իշխանության բարձր աթոռներին հանկարծակի հայտնված քաղաքական թիմի անկարողությունը։ Ձախողումներն ամենուրեք են ու բոլոր ոլորտներում։

Իրենց արկածախնդրությամբ իշխանությունները երկիրը կանգնեցրել են ծանր փորձության առաջ։ Այս պայմաններում ինչքան էլ փորձեր արվեն՝ իրավիճակից չոր դուրս գալու ոչ մի շանս չկա։ Իշխանությունները որքան շուտ սա ընկալեն ու առանց ավելորդ լարվածության հեռանան, այնքան լավ երկրի ու ժողովրդի համար։ Ժամանակ վաղուց դադարել է աշխատել նրանց օգտին։

Ընդամենը մի կարճ ժամանակահատված էր պետք հասկանալու համար, որ բախտի բերմամբ իշխանության բարձր աթոռներին հայտնված քաղաքական թիմը չարաշահել է մարդկանց վստահությունը։ Անխնա խաբել ու ստել են, մանիպուլյացրել հասարակությանը։ Չասենք, թե մինչև իշխանափոխությունն ու իշխանափոխությունից հետո ինչ խոստումներ են տվել, որոնք այդպես էլ խոսքից այն կողմ չանցան։

Երկրի անվտանգությունը բարձրացնելու, տնտեսությունը զարգացնելու ու մարդկանց կյանքը բարելավել փոխարեն՝ ունենք միանգամայն հակառակ պատկերը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում շուտով կկորցնենք նաև այն, ինչ ունեինք «թավշյա իշխանությունից» առաջ։

Իշխանությունների այդքան գովերգած տնտեսական ու սոցիալական «ձեռքբերումներն» այդպես էլ մնացին անցյալում։ Տնտեսական անկման հետևանքով այս տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքն ավելի քիչ կլինի, քան անցած տարի էր։ Տնտեսությունը ոչ միայն զարգացում չի ունենա, այլև մի բան էլ տարին կփակի կորուստներով։ Չենք ունենա կառավարության խոստացած տնտեսական աճը։ Եվ ոչ միայն տնտեսական աճը։ «Հեղափոխական» հայտարարված պետական բյուջեն հեղափոխական տեմպերով նվազում է։

«Այո, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ»,- 2020թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ինչ խոստում էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը «հեղափոխությունից» առաջ. ինչպես ինքն է ասում, խոստացել էր 1-2 տարում բյուջեն ավելացնել 30-35 տոկոսով։

«Սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը։ 2020թ. պետական բյուջեում եկամտային մասը 2018 թվականի եկամտային մասը գերազանցում է 27,4 տոկոսով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ես արդեն փաստացիի մասին եմ խոսում, և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որոնք ունեցել ենք մեր որոշումների արդյունքում՝ Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, Պարտադիր կենսաթոշակների արդյունքում, այսինքն՝ որ մենք պիտի բյուջեի այդ փողերը հավաքեինք, բայց մենք հրաժարվել ենք այդ փողերից կամավոր, մեր աճը կազմում է ավելի քան 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյո՞ք այս բյուջեն հեղափոխական է»,- ասում էր վարչապետը։

Բյուջեն «հեղափոխակա՞ն» էր, թե՞ ոչ, նախկինում անդրադարձել ենք։ Բայց այս պահին դա չէ կարևոր։ Կարևորն այն է, թե ինչ է մնացել «հեղափոխական» բյուջեից։

Լավ կլիներ, որպեսզի բյուջեի եկամուտներն ավելացնելու վերաբերյալ տված նախահեղափոխական խոստումներին Նիկոլ Փաշինյանը հիմա անդրադառնար, որպեսզի տեսնեինք, թե իշխանափոխությունից հետո որքանո՞վ են ավելացել պետական բյուջեի եկամուտները, և ի՞նչ է մնացել իր հայտարարած 30-35 տոկոս աճից։

Նման բան նա, իհարկե, չի անի։ Բյուջեի եկամուտները նվազել են, այն էլ՝ կտրուկ, ու դա այլևս առիթ չէ՝ «հեղափոխական» աճերի վերաբերյալ խոսելու համար։ Կարևոր չէ, որ այդ աճերը կապված էին ոչ այնքան՝ տնտեսական զարգացումների ու ստվերի կրճատման, որքան՝ Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների թվի իսկապես աննախադեպ ավելացման հետ։

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստան բերվեց գրեթե 190 հազար ավտոմեքենա, ինչը պետական բյուջեի համար լուրջ եկամուտներ ապահովեց։ Բայց դա բոլորովին էլ իշխանությունների աշխատանքի արդյունքը չէր։

Իշխանությունների աշխատանքի արդյունքը տեսնում ենք հիմա, երբ այլևս չկա տրանսպորտային միջոցների ներմուծման նախորդ 2 տարվա բումը։ Տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ ունենք բյուջեի եկամուտների 5,8 տոկոսանոց նվազում։ Միայն հարկային եկամուտները նախորդ տարվանից պակաս են եղել ավելի քան 63 մլրդ դրամով։

Եվ սա է Նիկոլ Փաշինյանի ասած «հեղափոխական» բյուջեի արձանագրած արդյունքը։

9 ամսում հավաքվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ։ Եթե համեմատում ենք 2018թ. հետ, ապա ստացվում է, որ այս ընթացքում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են ընդամենը 128 մլրդ դրամով։ Այս տարի 1,016 մլրդ դրամ է, 2020թ. եղել է 887 միլիարդ։

Եվ ո՞ւր է վարչապետի խոստացած 30-35 տոկոսանոց աճը, որը պետք է լիներ 1 տարվա ընթացքում։

Տարեվերջին անկասկած ավելի վատ պատկեր ենք ունենալու։ Բյուջեի եկամուտների թերակատարումն արդեն հիմա հասել է հսկայական չափերի ու շարունակում է խորանալ։

Իշխանություններն այս վիճակից դուրս գալու այլ տարբերակ, քան պետական պարտքի ավելացումն է, չեն կարողանում գտնել։ Տնտեսությունն աշխուժացնելու փորձերը հիմա նույնիսկ չեն էլ արվում։ Կառավարությունը մոռացել է տնտեսության մասին։ Նախկինում արված փորձերի արդյունավետությունը շատ ցածր է։ Ուստի, մնում է պարտք վերցնել ու երկիրը նոր պարտքերի բեռի տակ դնել։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի պարտքը նոր բարձունքներ է նվաճում։ Մինչդեռ կար ժամանակ, երբ իշխանությունները հպարտանում էին, որ իրենց հաջողվել է նվազեցնել պարտքը։ Ոչինչ, որ դա էլ ոչ թե իրենց ձեռքբերումն էր, այլ ձախողումը. վարկային միջոցներով նախատեսված բազմաթիվ ծրագրերը սառեցվել, մնացել էին օդում կախված՝ հետ մնալով նախատեսված ժամանակացույցերից։

Թե դրա հետևանքով ինչքան տնտեսական ու ֆինանսական կորուստներ ունեցավ երկիրը, դեռ պետք է հաշվել։

Պետական բյուջեն քիչ էր, տնտեսությունն էլ մի կողմից է մնացել վարկերի հույսին։ Ներդրումները, հատկապես՝ արտաքին ներդրումները, որպես այդպիսին, դադարել են։ Ներքին ներդրողներն էլ իրենց հերթին մոտ չեն գալիս։

Պատերազմի անփառունակ ավարտը խորացրել է երկրում քաղաքական անկայունությունը՝ խորացնելով նաև տնտեսական ու բյուջետային ճգնաժամը։ Որպես հետևանք՝ մեծացել է սոցիալական լարվածությունը։

Անկախ նրանից, թե դա ինչի հետևանք է՝ այս ամենի պատասխանը տալու են իշխանությունները։ Ու այդ պատասխանը հեշտ չի լինելու։ Օղակը բոլոր կողմերից սեղմվել է և շարունակում է սեղմվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել