Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

AFP գործակալությունը հայտնել է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։

Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի սթ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։

Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել