Pastinfo.am-ը գրում է․

Մեր երկրի, պետականության, մեր ժողովրդի լինելիությանը պատուհասած այս ճակատագրական դաժան օրերին, երբ կենսական անհրաժեշտություն է օբյեկտիվ, անաչառ, բազմակողմանի տեղեկատվությունը, Կառավարությունն իր 27.09.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ սահմանափակեց խոսքի ազատությունն ու լրատվամիջոցների գործունեությունը: Սահմանափակում կարող էր սահմանվել, բայց ոչ անհամաչափ, ինչն էլ, բնականաբար, առաջացրեց հանրային ցասում:

 Ի սկզբանե լրատվամիջոցների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց բողոքն ու դժգոհությունները, ահազանգեցին աղավաղված, կեղծ, ճշմարտությունը կոծկող տեղեկատվության ազգակործան ու պետականակործան վտանգներն ու հետևանքները, ռեալ իրականությունը ներկայացնելու անհրաժեշտությունը, գործուն միջոցներ ձեռնարկելու համար դիմեցին պատկան մարմիններին, որոնցից ցավոք, ուշ, բայց արձագանքեց, միայն Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):

 ՄԻՊ-ը`  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ու ևս 24 լրատվության միջոցների ղեկավարների հայտարարության, լրատվական գործունեություն իրականացնող այլ երկու տասնյակից ավելի կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա ս.թ. նոյեմբերի 4-ին դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

 Թվում էր, թե հանրային լայն շրջանակների պահանջից բխող այս կարևորագույն հարցը ՍԴ-ն պետք է քննության առարկա դարձներ և որոշում կայացներ օր առաջ, երբ վիճելի դրույթները գործում և ծանր հետևանքներ են առաջացնում հանրության ու պետության համար:

 Շահագրգիռ ենք, ուշադիր հետևում ենք գործընթացներին, փորձում ենք տեղեկացված լինել, արձանագրել և եզրահանգել:

Գործող քաղաքական իշխանության կողմից կազմավորված ՍԴ-ի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը իրենից կախված ամեն ինչ արել է ՄԻՊ-ի հիշյալ դիմումի ընդունելիության հարցը Փաշինյանին հաճոյանալու, «բարձր կատարողականությամբ», «առանց շտապողականության», «հուշիկ քայլերով» ՍԴ -ի քննությանը ներկայացնելու համար: Նա այդ հարցը ՍԴ քննությանն է ներկայացրել դիմումը ՍԴ մուտքագրվելուց 16 օր հետո միայն, իսկ գործի դատաքննությունն առաջարկել է իրականացնել 2-3 ամիս հետո: Այս առաջարկը կընդունվեր, եթե ...: Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն անընդունելի են համարել հարցը ՍԴ քննարկմանը ուշ ներկայացնելը, առարկել են Դիլանյանին և առաջարկել գործի դատաքննության օր նշանակել ամենասեղմ ժամկետում, այնուհետև ներկայացրել  վիճարկվող դրույթների գործողությունը մինչև դատաքննության ավարտը կասեցնելու փաստարկված առաջարկություն: Կասեցման առաջարկությանը փորձել է առարկել` Փաշինյանի «թիվ մեկ իրավախորհրդատու» և ՍԴ նախագահ Դիլանյանին և ՍԴ մի շարք դատավորներին կանոն թելադրող Վահե Գրիգորյանը: Այս անգամ չի հաջողել: Այնուամենայնիվ, բավարար ձայներով /դեմ են քվեարկել` Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, Արթուր Վաղարշյանը/, ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը` մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնելու մասին ՍԴ աշխատակարգային որոշումը:

ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործի դատաքննության օրը ՍԴ-ում նշանակվել է ս.թ. դեկտեմբերի 4-ը ժամը 11.00-ին:

 Հասկանալի էր ի սկզբանե, թե ինչու էր Փաշինյանն իր իշխանությամբ ՍԴ-ի դեմ առավել, քան մեկ ու կես տարի ծավալում արշավանք. անհրաժեշտ էր օր առաջ ունենալ կառավարելի, գրպանային և կատարող Սահմանադրական դատարան:

Ակնկալում ենք, սակայն, ինչպես այս դատաքննության, այնպես էլ մեր պետության և ժողովրդի համար կարևորագույն բոլոր հարցերում, ՍԴ նորացված և Փաշինյանի իշխանության համար վստահելի կազմը, այնուամենայնիվ ձերբազատվի կապանքներից, դրսևորի վճռականություն, իրականացնի իր սահմանադրական առաքելությունը: Հուսանք, արդարությունը չի մեռնի: Կվերականգնվի, հուսանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել