News.am-ը գրում է․

Լուրերը, որ պաշտպանության նախարարը կփոխվի, այո, համապատասխանում են իրականությանը, ռեալ է, որ Դավիթ Տոնոյանին կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Արմեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ նա նախարարներին է փոխում, Խաչատրյանն ասաց. «Այո, մարդիկ կան, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց ինչո՞ւ չեք ասում, որ այդ մարդիկ մեր հանրության որ չափն են կազմում: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն այս կամ այն գործչի կամ պաշտոնյայի հրաժարականը: Բայց պետք է ասեմ, որ այդ մարդիկ չեն ներկայացնում ամբողջ հանրության դեմքը, հրաժարական պահանջելը որոշում է ժողովուրդը»:

Արմեն Խաչատրյանի խոսքով այն փոփոխությունները, որոնք կատարվում են կառավարությունում, անհրաժեշտ են ներկա պահին, եւ դրանք պետք է իրականացվեն օր առաջ: Նա ընդունեց, որ այո, ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է. «Այո, թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն կա կառավարություն եւ եթե այդ տրամաբանությամբ  մենք գործենք, որ կա մեկ պատասխանատու, ապա չի լինի ոչ կատավարություն, ոչ նախարարներ մի հոգու կնշանակեն ու բոլոր ոլորտները կսպասարկի: Ոլորտային պատասխանատուները նախարարներն են, գերատեսչությունների ղեկավարներն են: Նրանցից շատ բան է կախված»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրերով փոխվել են մի շարք նախարարներ: Մասնավորապես, պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, Աշխատանքի եւ սոցիլական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ԱԻ նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել