Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ եւ ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է, ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարեւորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել եւ կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է խնդիրների ձեւակերպումը, որովհետեւ, նրա խոսքով,  երբեմն դրանք ձեւակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետեւություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետեւությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը եւ Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ:

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար եւ Արա Այվազյանին մաղթել հաջողություն: «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն եւ առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության եւ այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օարակարգն ու պետական շահը: Նաեւ պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարեւոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է եւ մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն եւ ժողովուրդ: Մենք այս շրջանում եւս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան եւ կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու եւ ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: 

Իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաեւ որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միեւնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու եւ սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը:

ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ եւ բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի եւ պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը եւ մեր դիվանագտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտհրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է եւ երեկ, այսօր եւ վաղը մենք բոլորս արել ենք եւ անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ  ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն պարոն վարչապետ եւ Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ եւ ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարեւորությունը, որոնք կծառայեն պետության եւ ժողովրդի շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել