News.am-ը գրում է․

Աշխարհում ոչ մի մարդ, որի երակներում հոսում է հայկական արյուն, չի սատարի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ այսօր իրեն կանչել են ՀՔԾ, բայց հասցրել է այնտեղից հեռանալ նախքան հանրահավաքը սկսելը: Պատասխանելով այն հարցին, թե իր դեմ մեկ քրեական գործ կա, նա նշեց, որ արդեն կան բազմաթիվ քրեական գործեր: «Կառավարությունը, ես նույնիսկ չեմ ուզում նրանց կառավարություն կոչել, շատ լուրջ զգայուն հարցերով զբաղվելու փոխարեն, օրինակ՝ բոլոր ռազմագերիների վերադարձը կամ անհայտ կորածների որոնումը, զբաղվում է քաղաքական հետապնդմամբ: Պարզապես ամոթ է»,- նշեց Վանեցյանը:

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանին սատարող հանրահավաքի առնչությամբ Վանեցյանն ընդգծեց. «Մենք մեր ժողովրդին չենք բաժանում սեւերի ու սպիտակների, իշխանությունների կողմնակիցների եւ հակառակորդների, մենք ամբողջ ժողովրդին հավասար ենք վերաբերվում: Բայց մեր տվյալների համաձայն, որոնք մենք ստանում ենք մի քանի օրվա ընթացքում, այս մարդկանց խումբը, ովքեր «սատարում են» Նիկոլ Փաշինյանին, նրանք դա անում են վարձատրության կամ ինչ-որ ծառայությունների դիմաց: Մոտ 100 մարդ է գնացել այնտեղ ու ձեւացրել, թե սատարում է Նիկոլ Փաշինյանին: Աշխարհում ոչ մի մարդ, որի երակներում հոսում է հայկական արյուն, չի սատարի Նիկոլ Փաշինյանին, ով խաբեության ու սխալ կառավարման միջոցով մեր հողերը հանձնեց ադրբեջանցիներին ու թուրքերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել