Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին Արցախում զոհվել է բալետի արտիստ, դերասան Տիգրան Հարությունյանը։ Նա ժամկետային զինծառայող էր։ 23-ամյա Տիգրանն ավարտել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ապա մեկնել ծառայության։

Tert.am Life-ը զրուցել է Տիգրանի ընկերների՝ Գոռ Պետրոսյանի և Լիա Զախարյանի հետ:

«Հիմա շատ բարդ է ինձ համար. ոչ միայն ես եմ ընկերոջս կորցրել, այլև աշխարհը յուրահատուկ գույն է կորցրել, նա այս աշխարհին շատ էր պետք։ Տիգրանն ապրեց 23 ստացված, հիասքանչ տարի։ Ցանկանում եմ նրա մասին ֆիլմ նկարահանել, ամեն ինչ մի փոքր ավելի ուշ կնախաձեռնեմ,- ասաց Գոռը և հավելեց՝ ծառայությունն այնքան էլ Տիգրանի համար չէր, քանի որ նա ազատություն էր սիրում,- Տիգրանն իր շրջապատի տրամադրություն ստեղծողն էր, ուրախացնում էր բոլորին։ Այնքան բարի էր, շատ մեծ սիրտ ուներ, ամեն տեղ բոլորին ընդառաջում էր, շատ կամեցող, շատ համարձակ, հզոր ոգու տեր մարդ էր»։

Տիգրանի մահվան լուրը ստացել են հոկտեմբերի 11-ին, բայց մի քանի օր նրան չեն կարողացել գտնել։ Ընկերը հասցրել է մինչև պատերազմը վերջին անգամ տեսնել Տիգրանին: «Համաճարակի պատճառով դեպի Արցախ ճանապարհները փակ էին, բայց պատերազմից մի քանի օր առաջ կարողացա գնալ, տեսնել Տիգրանին, փաստորեն, վերջին անգամ։ Մեկ-երկու օր անց սկսվեց պատերազմը։ Այդ ընթացքում մի քանի անգամ խոսել եմ իր հետ, վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 9-ին, միշտ ասում էր, որ մայրիկին փոխանցեմ՝ ինքը նրան շատ է սիրում։ Իրոք, Տիգրանն իր մայրիկին շատ էր սիրում»,- ընդգծեց Գոռը։

Նա նշեց, որ Տիգրանն ուզում էր Միացյալ Նահանգներ գնալ, դերասանի ուղին շարունակել։ «Ճիշտ է, պարը ևս սիրում էր, բայց դերասանի մասնագիտությունը գերադասում էր։ Եթե Տիգրանի ճակատագիրն այսպես չդասավորվեր, վստահ եմ՝ կունենար նաև իր աստղը Փառքի ծառուղում։ Տիգրանն ամեն ինչ ԱՄՆ-ի հետ էր կապում, գիտեր, որ մեծ բարձունքների է հասնելու, բայց պետք է փաստեմ, որ Հայաստանում էլ քիչ բարձունքներ չունեցավ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել