«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լծվել է նոյեմբերի 10-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման գործին: Հիշեցնենք, որ այդ օրը մեծ թվով ցուցարարներ ներխուժել էին կառավարության եւ Ազգային ժողովի շենք, այնտեղ տակնուվրա արել ամեն ինչ:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ոչ միայն առգրավել է կառավարության եւ խորհրդարանի տեսախցիկներն ու ուսումնասիրում է դրանք, այլ նաեւ լրատվամիջոցներին են դիմում՝ խնդրելով իրենց տրամադրել նկարահանված կադրերի ոչ մոնտաժված տարբերակները: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ոչ միայն հրահանգված է Երեւան քաղաքի վարչությանը, այլեւ մարզային, քանի որ այդ օրը տարբեր վայրերից էին ցուցարարները հավաքվել Հանրապետության հրապարակում:

Եվ, ահա, հրահանգ է տրված, եւ ԱԱԾ-ականները հերթով ուսումնասիրում են տեսախցիկները, փորձում գտնել այն մարդկանց, որոնք այդ օրերին մասնակից են եղել իրադարձություններին: Հավելենք, որ այս իրադարձություններից հետո կան արդեն ցուցարարներ, որոնց մեղադրանք առաջադրվել է, սակայն ինչպես երեւում է, ԱԱԾ-ն չի ցանկանում կանգ առնել, եւ նրանց հրահանգ է տրված նոր բացահայտումներ անել եւ գտնել կառավարություն եւ խորհրդարան ներխուժած եւ անկարգություններ արած բոլոր անձանց:

Հավելենք, որ դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, 301.1 հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են զանգվածային անկարգություններին մասնակցած երեք անձինք, որոնք ՀՀ վարչապետին տրամադրված ծառայողական առանձնատնից կատարել են բացահայտ հափշտակություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել