168.am-ը գրում է.

«Ես  քաղաքական գործիչ չեմ, կյանքում չեմ մասնակցել որևէ մասսայական հավաքի, ցույցի, բայց սա այն դեպքն է, որ նորմալ, գիտակից մարդը, իր երկրի ապագայի մասին մտածող մարդը չի կարող այնտեղ չլինել: Երբ համացանցում տարբեր նյութերով եմ կիսվում, որոշ մարդիկ ասում են՝ վա՜յ, մենք ձեզ էնքան շատ էինք սիրում, դուք դերասան էիք, պետք է չմասնակցեիք քաղաքական այս կեղտոտ խաղերին: Հարգելիներս, այս կյանքում կարևորը ոչ թե մասնագիտությունն է, այլ մարդ լինելը, որ բաց ճակատով ապրես, ոնց ապրել եմ ու մինչև վերջ էլ կապրեմ»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Նա ընդգծեց՝ նորմալ չէր լինի, եթե բողոքի ալիք չլիներ. «Պետք է ավելի մեծ բողոք լինի այն մարդու դեմ, որը պատասխանատու է այս ամենի համար, այն մարդու դեմ, որը մեր ամբողջ 2000-2002թթ. ծնվածներին ուղղակի գլխատեց, դրա համար պատասխան չպե՞տք է տա: Այդ պատերազմը, որ սկսվում էր, նա հաշվե՞լ էր իր ուժերը, հնարավորությունները: Մի երկիր, որը ջնջեց իր նորմալ քաղաքական, դիվանագիտական աշխատանքները՝ իր դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի հետ, ո՞նց կարող էր 90 միլիոնանոց թուրք-ադրբեջանական բանակի դեմ կռիվ տալ: Մինչև պատերազմը ես մի անգամ ասացի, որ, Աստված չանի, եթե պատերազմ լինի, այս ապիկարնե՞րն են ապահովելու այս երկրի և իր բնակչության անվտանգությունը: Եվ մենք արդյունքը տեսանք. սա սարսափելի ողբերգություն էր, սարսափելի: Այս ապիկարը, այս մարդու դեմքով սատանան պետք է պատասխան տա այս ամենի համար: Մեկ րոպե առաջ անհրաժեշտ է, որ այս մարդը գնա: Ես չգիտեմ՝ ով կգա, համենայնդեպս, այս դավաճանը պետք է չմնա այս երկրում»:

Դիտարկմանը՝ Փաշինյանը այս պատերազմի համար էլ է նախորդներին մեղադրում, նա այսպես արձագանքեց. «Նախորդներ, նախորդներ, թալանչիներ, նախորդներ… արդեն զզվացրել են: Նախորդները երկիր պահող էին, ինչ ուզում եք՝ ասեք: Ի՞նչ է՝ նախորդներն ասում էին՝ երկիրը տալիս ենք, ադրբեջանցիներն էլ ասում էին՝ չենք ուզո՞ւմ: Խաղաղություն չէ՞ր երկրում: Ո՜նց էր ծաղկել մեր Արցախը, Շուշին, Ստեփանակերտը: Այդ մեր երրորդ դարի վանքերը հիմա ո՞ւմ թողեցինք»:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր խորհրդարանում հայտարարել է. «Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում»: Նրա այս հայտարարության վերաբերյալ Արա Դեղտրիկյանը հետևյալն ասաց. «Շուշին վատ վիճակո՞ւմ էր: Ի՞նչ ասեմ՝ հերթական մանիպուլյացիան, հերթական սուտը, էս մարդու բերանը դուզ խոսք կա՞: Հերթական սուտն է, որին ինչ-որ մարդիկ հավատում են: Այս դժբախտության, ողբերգության մեղքը նաև հասարակության փողոցաամբոխային հատվածինն է, որ մինչև հիմա էլ համացանցում մտած՝ իրենց կուռքն են համարում: Ինչ-որ տխմարազգի կարող է գրել՝ Նիկոլ ջան, մեր վերևից իջած փրկիչ, եթե Հայաստանն էլ հանձնես, մենք քո կողքին ենք: Սրա մեջ այդ հատվածի մեղավորությունն էլ կա: Դրանց մեջ մարդիկ են, որոնք իրենց համարում են ինտելիգենտ, զարգացած, կրթված, ես էլ եմ անձամբ ճանաչում դրանց»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին սատարող, այսպես ասած՝ մտավորականությանը, ՀՀ վաստակավոր արտիստը ընդգծեց. «Ո՞ր մտավորականության մասին խոսեմ, էն մտավորականությա՞ն, որ ծակերն են մտել, բերանները ջուր առել, նստել, կամ էն սուտի հայրենասեր ձևացող մտավորականները, որ կոչ էին անում՝ գնացեք կռվեք: Իրականությունը չէի՞ն տեսնում, թե՞ սխալվել էին, մոլորվել էին: Կամ էս հիմիկվա կոչերը՝ կախեք նախկիններին հրապարակում. ասողը ժողովրդական հայտնի մարդ է, անունն էլ նիկոլով է սկսվում, չեմ ուզում ազգանունը տամ, բերանս չկեղտոտեմ, որ մինչև հիմա անմարդկային քարոզներ է անում, սա՞ է մտավորականությունը: Չնայած էդ մտավորականի անունը որ տվեցի, իր կյանքում մի դեր է խաղացել, որը շատ համապատասխանում է իր մարդկային սորտին՝ Փանջունի խաղաց: Հիմա մենք Փանջունու երկրում ապրում ենք: Այ, այդ մտավորականներն էլ են մեղավոր: Ի՞նչը լավացավ նույն դրանց մոտ, հասարակության մոտ՝ 2018թ. հետո: Հիմա գորշ քաղաք այս քաղաքն է՝ ամեն ինչ վաճառվում ու տրվում է վարձով: Մենք կորցրինք Արցախ աշխարհը, հիմա արդեն Հայաստանն է վտանգված, բա, իհարկե, պետք է փոխվի: Ես չգիտեմ՝ ով պետք է գա, բայց հայտնվի մի նորմալ մարդ, որ եղածն էլ չկորցնենք»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գիշերվա գրառմանը, ապա Արա Դեղտրիկյանն այն հրեշավոր որակեց. «Կինն էլ կարծեմ կիսվել էր իր էջում: Մարդը հիմա էլ քաղաքացիական պատերազմ է ուզում: Ոնց որ այնտեղ ջարդեց-փշրեց, հիմա էլ ուզում է այստեղ նույնն անել: Ասում եմ՝ վտանգված ենք մենք բոլորս, որովհետև այնպիսի մանիպուլյացիաներ, ոնց նա գիտի անել, ամեն ինչ կարելի է սպասել: Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Մենք հիմա պետք է շատ զգոն և ուշադիր լինենք, գոնե համախմբվի այն հատվածը, որը գիտակից և մտահոգ է այս երկրի համար: Իր կողմնակիցները այս վիճա՞կն էին ուզում: Էն մարդիկ, որոնք սատարել են ու հիմա էլ սատարում են էդ մարդուն, ինձ համար դրանք թուրքից վերան են: Էլ արտաքին թշնամի թող չփնտրեն, թշնամին ներսում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել