Եթե մանդատը վայր դնելը որեւէ ձեւ լիցքաթափելու է իրավիճակը եւ տանելու է ավելի լավ իրավիճակի, քան կա, միանշանակ, այդ մասին կարելի է մտածել։ Բայց պետք է հասկանալ՝ արդյոք դրանով որեւէ հարց լուծվո՞ւմ է, թե՞ չէ, ինքս այդ հարցի պատասխանը չունեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Բոլոր վտանգները ես շատ լավ գիտակցում եմ, ինձ որեւէ բան, բացի էն ռիսկերից, որոնք կարող են լինել, իմ որոշումների վրա չեն կարող ազդել։ Ես ինչ-որ բանից կառչած չեմ, ոչ էլ ինչ-որ մեկի խնդրանքով ինչ-որ բան պետք է անեմ։ Ինքս իմ որոշումները կայացնում եւ կայացնելու եմ իրադրությունից եւ հետագա զարգացումներից ելնելով։ Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, բավականին ցավալի է, եւ որեւէ մեկը դրանով ուրախ ու երջանիկ չէ, եւ այդ ամենի մեջ ում մեղքի բաժինն ինչքան է, ինքն իր մեջ պետք է փնտրի»,- ասաց իշխող ուժի պատգամավորը՝ հավելելով, որ ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է։

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթի վերաբերյալ իշխող ուժի պատգամավորը նախապես տեղյակ չի եղել, դրան ծանոթացել է հրապարակումից հետո։

«Ինձ համար այդ փաստաթուղթը ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնն էր, եւ մարդկանց կյանքը փրկելու մասին էր այդ փաստաթուղթը։ Ոչ մեկի համար դա էն արդյունքը չէր, որը պետք է լիներ, որեւէ մեկը դրան չէր սպասում, բայց մենք ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Ինչ վերաբերում է 17 կուսակցությունների պահանջին, Բաբկեն Թունյանը բացառեց, որ երբեւէ կմիանա այդ ուժերին։

«Անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, ես ամեն ինչ կանեմ, որ այդ 17 կուսակցությունների մի մասը երբեք իշխանության չգան»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել