News.am-ը գրում է․

Սա վերջին 2,5 տարվա շարունակությունն է. հետապնդում՝ ռազմական գործիչների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյան, որը դատարանի բակում էր՝ ի աջակցություն իր հորը։

«Նպատակն է՝ արժեզրկել արցախյան հաղթանակները եւ Արցախի հաղթած հրամանատարներին, որի միջով անցել են Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը եւ այսօր հերթն իմ հորն է»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք իր հայրը որեւէ պահանջ ունի՞, Տարոն Մինասյանն ասաց. «Հորս պահանջն է պատասխանատվության ենթարկել դավաճան, Արցախի 80 տոկոսը վաճառած Նիկոլ Փաշինյանին։ Վստահ եմ, որ քրեորեն որեւէ պատժելի արարք չի կատարել»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ազատամարտիկ, երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը Մինասյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ Մինասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել