News.am-ը գրում է․

Վերջին օրերի զարգացումներին հետեւելով՝ պետական համակագի մնացորդների գործողությունների մասով ոչ մի հույս ու պատրանք չենք կապում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը, որը դատարանի բակում էր՝ ի աջակցություն Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի։

«Արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի աթոռի ու անվտանգության համար պետական համակարգը դադարել է լինել պետական ու դարձել է նիկոլական համակարգ: Չկա ոչ մի օրինականություն: Դանիելյան Արթուրի ու Մինասյան Աշոտի ճակատագիրը չի որոշվում: Այստեղ գյոռբագյոռ են անում մեր արժանապատվությունը: Հանցավոր դավաճանության, պարբերաբար կրկնվող վնասարարության դրվագներով երկիրն աղետի հասցրած քաղաքական իշխանությունը ոչ միայն չի հեռանում, այլեւ կապիտուլյացիա ստորագրողները փորձում են դատել այն մարդկանց, ովքեր իրենց կյանք են դրել զոհասեղանին, որպեսզի էդ կապիտուլյացիան չլիներ ու չէր լինի, եթե մեզ մեջքից չխփեին։ Մենք այստեղ ենք մեր արժանապատվության համար, մենք էլ կորցնելու բան չունենք»,- նշեց նա։

Անդրադառնալով Աշոտ Մինասյանի, Արթուր Դանիելյանի, Արթուր Վանեցյանի եւ մյուսների վերաբերյալ ԱԱԾ-ի կողմից երեկվա հրապարակած տեսանյութին՝ Տեր-Նակալյանն ասաց. «Ըստ իս՝ դա շինծու, սպիտակ թելերով կարած, Արծրուն Հովհաննիսյանի ոգով համեմված, էժանագին բեմադրություն ու ծաղրանք է։ Մարդիկ, որոնք պլանավորում են պետական հեղաշրջում ու Նիկոլ Փաշինյանի լիկվիդացիա, այնքան հիմար են, որ հեռախոսով մանրամասներ պիտի քննարկե՞ն. դրան ինչ-որ մեկը հավատո՞ւմ է։ Բանը հասել է նրան, որ ինտերնետում հայտնվում են փաստաթղթեր, որ Պաշտպանության նախարարդ է զենքի ապօրինի գործարքների մեջ եղել։ ԱԱԾ-ն չգիտե՞ր, ամեն ինչ էլ գիտեին ու հիմա են տեսնում»։

Նա ասաց, որ, ցավոք, իրավապահ համակարգի բարձրագույն օղակներում չգիտեն՝ ինչ է զինվորական երդումը. «Իրենք ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են ծառայում, այլ ծառայում են օրվա իշխանությանը։ Իրենք սպա չեն, սպայի արժանապատվություն չունեն»։

Հարցին՝ արդյոք իրենց հետագա անելիքները հստա՞կ է, Տեր-Նակալյանն ասաց. «Անկախ նրանից ինչ սցենար է կյանքի կոչվելու, անկախ նրանից ով եւ ինչքան է մնալու իշխանության, այս դավաճանության համար պատասխան են տալու, օր ու արեւ չեն ունենալու էս երկրում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ազատամարտիկ, երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին ձերբակալելու որոշման իրավաչափության հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել