Սեպտեմբերի 27-ից ուղից 44 օր տևած պատերազմից հետո, ցավոք, մեզ այսօր մեկ բան է մնում ասել՝ կներեք, տղե՛րք, որ տեր չեղանք ձեր արյանն ու ձեր պահած հողին: Ու հիմա միայն մեկ բանով կարող ենք, չէ՛՝ պիտի փորձենք արդարանալ ձեր առջև՝ ՁԵԶ անուն առ անուն հիշելով ու ՁԵՐ մասին բարձրաձայնելով:

Aysor.am-ն այսուհետ անդրադառնալու է մերօրյա և՛ ապրող, և՛ ապրեցրած հերոսներին, մեր կողքին ապրող ու նահատակված հերոսներին, ովքեր պատերազմի այլ ելքի համար էին պայքարում, ովքեր աներեր էին ու մինչև վերջին վայրկյանը մարտնչեցին…

19-ամյա Լևոն Մանուկյանը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: 2020-ի սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում է եղել:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պատերազմել, պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել, այլևս չկարողանալով դիմակայել՝ հրետակոծության տակ մի կերպ «փախել են»: Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», - մեզ հետ զրույցում արտասվելով պատմեց Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, հենց Թալիշում Լևոնի աչքի առջև է զոհվել: Փոքրամարմին այս տղան իր մեջ այնքան ուժ է գտել, որ «բեսեդկայի» ներսում փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Ավաղ՝ չի հասցրել. թուրքերն արդեն Թալիշում էին…

«Իր այդ նիհար, հաց չկերած հալով փոս է փորել, որ մարմինը պահի: Ինձ ասեց՝ «մամ ջան, Վահեի ծնողներին ոչինչ չասես դեռ, մինչև մարմինը չբերեմ…»: Երկուսն էլ շիկահեր էին, երկուսին էլ «Կյաժ» էին ասում: Թալիշում էին ծանոթացել ու անբաժան ընկերներ դարձել: Ժպտերես, մարդամոտ տղերք էին, բոլորի կողմից սիրված ու գնահատված», - նկարագրում է որդեկորույս մայրը:

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Եվս 9 զինվորների հետ շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: Նրանք այն տղաներն են, որոնց մասին օրեր անց Պաշտպանության բանակը պետք է գրեր. «Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով հայկական զորքի հակահարձակման իրականացմանը»: 

«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել՝ որը փախել էր, որը՝ վիրավոր էր…», - նշում է զրուցակիցս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել