Hraparak.am-ը գրում է.

Այսօր առավոտից համացանցում տարածվում է Նիկոլ Փաշինյանի 19 տարի առաջ գրած հոդվածը: 2001 թվականի մայիսի 23-ի իր հոդվածում ներկայիս վարչապետը դեմ չի եղել, որ Հայաստանի մի փոքր հատված ծառայի Թուրքիային կամ ԱՄՆ-ին, օրինակ՝ Մեղրին:

Հոդվածն ամողջությամբ ստորև.

Մեղրիի հարցի մուտքը օրակարգ, եթե արտահայտվելու լինենք կենցաղային լեզվով, հայի չուզողության հետեւանք է: Ավելի ճիշտ, չուզողությունը պետության քաղաքականության հիմքում դնելու  հետեւանք: Թուրքերը գիտեն ինչ են ուզում. նրանք ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա, ու եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում հավակնություններ ունեցող որեւէ այլ դաշնակից չունի, ստացվում է, որ ի դեմս Թուրքիայի, Կենտրոնական Ասիա է ուզում դուրս գալ ԱՄՆ-ը:

Հայաստանը չգիտի, թե ինչ է ուզում: Հայաստանը գիտի միայն, որ ամեն ինչ պետք է անի՝ Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա խոչընդոտելու համար, որովհետեւ այդպես ձեռնտու է Ռուսաստանին ու նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանին: Ու ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերին: Այդ փոքր տարածքը Մեղրին է, ու եթե այդ միջանցքի գաղափարն իրականանա, Հայաստանն այլեւս չի կարող խանգարել Թուրքիային եւ ԱՄՆ-ին, քանի որ կդադարի աշխարհքաղաքական գործոն լինել: Հիմա Հայաստանը աշխարհքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն, նաեւ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ (որից այդքան ընդունված է բողոքել): Բայց այսօր՝  ուրիշի ծրագրերին խանգարող աշխարհքաղաքական գործոն: Իհարկե ոչ ոք երբեք անվերապահ չի տրվում իր հարեւանների ծրագրերի իրականացմանը, եւ փորձում է դրանք համատեղել սեփական շահերի հետ: Մեր դեպքում, սակայն, զավեշտն այն է, որ Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի  ու Չինաստանի շահերին:

Ի դեպ, Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:

Ի դեպ, Թուրքիան Նախիջեւանի հետ երկաթուղային կապ չունի, ու Նախիջեւան հասնելու համար թուրքերը ստիպված կլինեն օգտագործել մեր երկաթուղին՝ Գյումրի-Երեւան-Երասխ գծում, ու վճարել դրա համար: Թե սա քանի միլիոն դոլար է մեր բյուջեի համար, թող հաշվեն տնտեսագետները: Այսինքն, կոմունիկացիաների բացման գաղափարը այնքան էլ վատը չէ: Այլ բան, որ այդ գաղափարը Քոչարյանի նմանների մասնակցությամբ դարձել է բոբո այս ազգի գլխին: Որովհետեւ նրանք կոմունիկացիան բացելը շփոթում են հողը հանձնելու հետ: Իսկ որեւէ մեկը մտածե՞լ է, թե ինչ տեղի կունենա Մեղրին հանձնելուց հետո. անմիջապես կհետեւի Թուրքիա-Նախիջեւան երկաթուղու կառուցումը, որից հետո Հայաստանն ընդհանրապես կվերածվի փակուղու: Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արեւմուտքի ու արեւելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետեւյալ պայմանները.

Կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրիի վերահսկողությունը հանձնել ուրիշին:
Գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր:
Գիտակցել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարեւաններն են, ու նրանց հետ հարաբերությունների բարելավումը կենսական հարց է:
Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաեւ Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը:

Նիկոլ Փաշինյան

Հ.Գ. Շփոթությունից խուսափելու համար մի քանի արձանագրում կատարենք. երբ ասում ենք Հայաստանը ռուսամետ է, դա չի նշանակում, թե ռուսամետ է նաեւ Քոչարյանը: Մի քանի անգամ նշել ենք, որ Քոչարյանն ընդհանրապես որեւէ հարցում չի ներկայացնում եւ չի կարող ներկայացնել Հայաստանի տեսակետը: Քոչարյանը ընդհանրապես տեսակետ չի ներկայացնում, նա Հայաստանում ընդամենը կատարում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, երբեմն նաեւ Ռուսաստանի հանձնարարությունները: ԱՄՆ-ը հանձնարարում է Մեղրին հանձնել, Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը: Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել՝ Քոչարյանը ի դեմս դաշնակցության ընդդիմանում է Մեղրին հանձնելուն: Ու Քոչարյանն ինքը Հայաստանի՝ սեփական շահերի մասին պատկերացումների բացակայության մարմնավորում է: Քոչարյանի վարած քաղաքականությունը, եթե այն վերծանենք, հետեւյալն է. Հայաստանը շահեր չունի, շահեր ունեն ուրիշները, եւ մենք պետք է ընտրենք, թե ում շահերին ենք ծառայում: Ավելի ուշ ի հայտ եկավ կոմպլեմենտարիզմը, որն ըստ էության նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է միաժամանակ ծառայել բոլորի շահերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել