Hraparak.am-ը գրում է․

Մենք մի քանի օր առաջ տեսանյութ եւ լուր էինք հրապարակել այն մասին, որ Պռոշյան փողոցի վրա գտնվող կառավարական ամառանոցի տարածքում, որտեղ ապրում են Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի ընտանիքները, իրարանցում է։ Մեծ թվով մարդիկ են ելումուտ անում, այդ թվում՝ զինվորական համազգեստով։ Մեր աշխատակիցները ծառերի արանքից նկատել էին ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին, ով դիմավորելիս է եղել մտնողներին։ Տպավորություն էր, որ մարդիկ մտնում են, ինչ որ հրահանգներ ստանում եւ հեռանում։

Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գործընթացից։ Պարզվում է՝ շատ ավելի աշխույժ անցուդարձ է տեղի ունենում Սեւանի կառավարական ամառանոցում։ Լավատեղյակներն ասում են, որ այստեղ եւս ինչ որ հավաքագրում է ընթանում՝ իշխանությունը իր կողմնակիցների մոբիլիզացիա է հայտարարել։ Ոչ միայն կռված տղերք, իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած մարդիկ, այլեւ իշխանական օլիգարխներ են հրավիրվում ու հրահանգավորվում։

Ընդ որում, այս ամբողջ գործընթացը համակարգում է Հայկ Սարգսյանը։ Իսկ հավաքագրվողները ոչ միայն զինված մարդիկ են, որոնք հարկավոր պահի պետք է միջամտեն քաղաքական պրոցեսներին, ասենք՝ սադրանքներ կազմակերպեն հանրահավաքների ժամանակ, այլեւ մարդիկ են, որոնք առաջիկայում պետք է մասնակցեն իշխանությունների կազմակերպած հանրահավաքին, որ տպավորություն ստեղծեն, թե Փաշինյանին վստահողների թիվը դեռ մեծ է եւ նրանք գերակշռում են բողոքողների քանակին։

Դատելով այս պրոցեսներից կարող ենք ասել, որ իշխանությունը հեռանալու, նահանջելու, որեւէ քայլ անելու մտադրություն չունի, մինչեւ վերջ պայքարելու է աթոռների համար։ Եւ չի բացառվում, որ մենք ունենանք 2008-ի Մարտի 1-ի դեպքերի կրկնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել