News.am-ը գրում է.

Վահե ջան...

Դու մեզանից լավն ես, որովհետև դու ընտրեցիր քո ճակատագիրը, դու որոշեցիր քո ապրելու չափը, քո վերջին օրը, ժամն ու տեղը՝ Շուշին...

Մենք կարծում էինք, որ մեր հայրենիքի համար այս ծանրագույն պահին  դու այստեղ ես պետք՝ պատերազմի մեր՝ ինֆորմացիոն ճակատում, խնդրեցինք, որ մնաս, մեզ մենակ չթողնես, դու կարող էիր մնալ ու մեզ հետ կռվել այստեղ՝ ռազմաճակատի մեր ուղղությունում, բայց հրաժարվեցիր։ Մենք փորձեցինք կանգնել քո ու Աստծո միջև, փորձեցինք համոզել, որ ընտրես մեզ՝ հարազատներիդ, ընկերներիդ, քեզ սիրողներին, իսկ դու ընտրեցիր այն, ինչը քո համար ամենակարևորն էր....

Ոչ մի վայրկյան չտատանվեցիր, ոչ մի վայրկյան չերերացիր, գնացիր գլուխդ բարձր, ժպիտով, մեր արցունքները սրբելով, մեզ գոտեպնդելով, բաց ու շիտակ՝ նայելով ուղիղ ճակատագրիդ աչքերի մեջ... 

Դու անմահացար մեր Շուշիում, դու գնացիր ամբողջական, իսկ մեզ դատապարտեցիր հավերժական կիսատության՝ առանց քեզ...դու մեզանից ամենալավն ես, որովհետև դու քեզ ունես, իսկ մենք՝ ընդամենը քո լույս ժպիտի հիշողությունով ապրելու հնարավորությունը...

Երանի քեզ, որ աչքերդ փակելուց առաջ վերջին տեսարանդ Շուշին էր, հագիդ՝ հայոց բանակի համազգեստը...

21–ամյա Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։ Վահեն անփոխարինելի էր մեր թիմի համար թե իր մասնագիտական, թե մարդկային որակներով։

Մեր ամբողջ խմբագրակազմը սգում է իր լավագույն աշխատակցի՝ բարի, խիզախ, պարկեշտ, հայրենասեր ընկերոջ անդառնալի կորուստը։ Խորապես ցավակցում, ուժ ու համբերություն ենք մաղթում Կարապետյանների ընտանիքին։ Երախտապարտ ենք Վահեի ծնողներին նման բացառիկ լավ տղամարդու դաստիարակելու համար։

Հավերժ շնորհակալ ենք, որ ճանաչեցինք ու սիրեցինք քեզ...

Հանգչիր խաղաղությամբ, լույս իջնի լուսավոր հոգուդ, Վահե ջան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել