Hraparak.am-ը գրում է․

Այսօր լայվով Նիկոլ Փաշինյանը ակնարկներ արեց, թե կան բաներ, որ դուք չգիտեք, երբ իմանաք՝ կհասկանաք, որ ես ոչ մի մեղք չունեմ, կան այլ մեղավորներ․․․Հասկանալի է, որ նախեւառաջ ակնարկում է նախկիններին, որոնք 2 տարուց ավելի եղել են իր թիրախում, ակնարկում է նաեւ ընդդիմությանը, որը չպետք է քննադատեր իրեն եւ այլն։ Բայց առաջին մեղավորի դերում ռազմական գործիչներն են, բանակը, կամավորները, որոնք չկռվեցին, նահանջեցին եւ ստիպեցին, որ ինքը նման ամոթալի կապիտուլյացիա կնքի։ 

Այսօր վաղ առավոտյան նա կրկին եթեր դուրս եկավ բունկերից եւ «բացեց փակագծերը»։ Ասել է․ «Նախորդ տեքստում ասացի, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ պատկերացնում եք, չէ՞, երբ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում, կամ էդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»։ 

Ավելի ուշ տարածեցին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, որտեղ ասվել է․ «Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։ 

Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել