ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակը հանդես է եկել հռչակագրով, որտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները:

Հռչակագրում ասվում է.

«Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով,

Արցախի Հանրապետությունը՝ լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը,

Նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և տարիներ շարունակ դիմագրավելով ագրեսիային, անընդհատ անց է կացնում միջազգային դիտորդների կողմից ազատ ու արդար որակվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ,

Հաշվի առնելով այն, որ, ցավոք, ներկայումս Արցախի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից, արտաքին ապօրինի աջակցությամբ և միջամտությամբ ենթարկվում են ծանր հրետանային, հրթիռային, օդային, անօդաչու և ցամաքային հարվածների,

Քանի որ Արցախի Հանրապետությունը, լինելով Արցախի և Ադրբեջանի միջև խոշոր ռազմական գործողությունները դադարեցրած 1994 թ.-ի հրադադարի երեք կողմերից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով բանակցային, ոչ բռնի կարգավորմանը

Հետևաբար, ես՝ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակս, սույնով հայտարարում եմ, որ․

1. Աջակցում եմ վերոնշյալ հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը,

2. Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները,

3. Դատապարտում եմ օտարերկրացիների ներգրավվածությունը զինյալներ հավաքագրելու և Արցախի Հանրապետություն տեղափոխելու գործում,

4. Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը, և ամենայն հարգանքով հորդորում եմ ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին անել նույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել