Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 180 ծայրահեղ ծանր և 897 ծանր դեպք, գումարային՝ մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր, նրանցից 73-ն այս պահին արհեստական շնչառության սարքերի վրա են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ բուն թթվածնային սարքերի պակաս չկա: «Մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ բուն թթվածնի: Համաշխարհային դեֆիցիտ կա, թթվածինը արտադրվում և սպառվում է, հնարավոր չէ երկար ներկրել, և մեր երկրի թթվածնային հզորություններն աշխատում են սահանին գրանցված դեպքերի վրա: Մենք տիտական ջանքեր ենք գործադրում, որ հանկարծ որևէ խափանում չլինի»,- ասաց Թորոսյանը և հավելեց, որ թեպետ սպասում էին կորոնավիրուսի վարակի աճ, բայց ոչ քառապատիկ կամ հնգապատիկ աճ:

«Եվս 4 թթվածնի մեծ կայան ենք գնել, ինչպես նաև թթվածնային խտացուցիչներ մոտ 500 հատ և փորձելու ենք ինչքան հնարավոր է արագ հասնել, որ պահանջարկը ապահովենք»,- նշեց նա:

Տանը գրանցված մահերի թիվը նվազեցնելու վերաբերյալ Արսեն Թորոսյանն ասաց, որ դրա համար արվել է մաքսիմումը և դրանից ավելին ունենալ հնարավոր չէ, եթե, օրինակ, խոսքը վերաբերում է մահճակալային տեղերին. «Մենք սրանից ավելի մահճակալային տեղ չենք կարող ունենալ, և դա միայն սովորական մահճակալը չէ, դա առաջին հերթին բժշկական անձնակազմն է, երկրորդ հերթին թթվածինն է, և հետևաբար տնային մահերը քչացնելու և առհասարակ մահվան թվերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվերն ունենալն է»,- ասաց Թորոսյանը:

Հարցին, թե երկրորդ անգամ վարակվելու դեպքեր եղե՞լ են, Թորոսյանն ասաց, որ ՀՀ առողջապահության համակարգում գրանցել են նման դեպքեր. «Առնվազն մեր համակարգում կրկնակի դրականների թիվը մինչ օրս եղել է 343, մենք ունեցել ենք 107 հազարից 343 կրկնակի վարակման դեպք, որը ստուգվել է կրկնակի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել