System Of A Down ռոք խումբը տարիների դադարից հետո նոր հոլովակ ու երգ է թողարկել, որոնք նվիրված են արցախյան իրադարձություններին: Այս մասին Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել.

«System Of A Down-ը նոր երաժշտություն է թողարկել վերջին 15 տարում առաջին անգամ: Այսօր այն օրն է, երբ մենք՝ չորսս, միասնական ձայնով աշխարհին ասելու բան ունենք: Այս երկու երգերը՝ «Protect The Land»-ը և «Genocidal Humanoidz»-ը, խոսում են մեր մշակութային հայրենիքներ Արցախի ու Հայաստանի դեմ մղվող սարսափելի պատերազմի մասին:

Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի ներկայիս բռնապետական ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանն իրենցը դարձնել, այլև ցեղասպանական գործողություններ են կատարում իրենց նպատակին հասնելու համար: Նրանք հիմնվում են այն բանի վրա, որ աշխարհը խիստ զբաղված է COVID-ով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով: Նրանք հավաքագրել են ռեսուրսներ և հանրային կապերի միություններ ստեղծել՝ ճշմարտությունն աղավաղելու և ցեղասպանության իրենց բարբարոսական նպատակները քողարկելու համար: Երկու բռնապետներն իրենց երկրներում մեծ ծավալով ապատեղեկատվություն են տարածում և լռեցնում մարդկանց: Խոսքի ազատությունը բոլորին տրված չէ, սակայն այն գոյություն ունի այստեղ, հետևաբար մեր նպատակը ճշմարտության մասին հայտնելն է հնարավոր ամենուր: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր մշակույթը և ժողովրդին: Հիմա ժամանակը չէ կույր ձևանալու:

SOAD-ի համար սա առիթ է ամեն ինչ մի կողմ դնելու և չորս տղաներով միասին մեր ազգի մասին խոսելու: «Protect The Land»-ը և «Genocidal Humanoidz»-ն այժմ հասանելի են մեր պաշտոնական Bandcamp էջում, որից ստացված ողջ հասույթն անցնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Խնդրում ենք ներբեռնել երգերը և դրանով իսկ նվիրատվություն կատարել՝ անկախ այն բանից՝ պատրաստվում եք լսել դրանք այսօր, վաղը, թե մի քանի տարի անց:

Երաժշտությունն ու բառերը իմաստ են արտահայտում: Մենք պետք է խոսենք Արցախի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել