Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ինյարիտուն ասել է Ստեփանակերտում նկարահանված իր տեսաուղերձում:

«Հենց հիմա մենք գտնվում ենք Ստեփանակերտի հոսպիտալի դիմաց: Այս շաբաթ այն թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության իրականացումը»,- նշել է Ինյարիտուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել