Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի ազգային խորհրդի նիստի ժամանակ Եվրոպայի երկրներին կոչ է արել դաշինք կազմել ահաբեկչության դեմ պայքարի համար, գրում է interfax.by կայքը։

«Երբեք չենք կարող հասկանալ, թե ինչու կան մարդիկ, որոնք այդքան ատում են մեր ազատությունը և մեր ժողովրդավարությունը․ պետք է եվրոպական մեծ դաշինք ստեղծվի, որպեսզի համընդհանուր կերպով հնարավոր լինի պայքարել ահաբեկչության դեմ»,- նշել է ավստրիացի առաջնորդը։

Կանցլերը նաև ահաբեկչությունը «ժամացուցային մեխանիզմով տկտկացող ռումբ» է անվանել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կուրցը նաև Եվրամիությանը կոչ է արել պատշաճ արձագանքել «քաղաքական իսլամին» և վերջ դնել «թյուրըմբռնելի հանդուրժողականությանը»։ Երկրի առաջնորդը նշել է, որ «ավելի շատ պետք է կենտրոնանալ ապագայում քաղաքական իսլամի խնդրի վրա»՝  հայտարարելով, որ «քաղաքական իսլամի գաղափարախոսությունը վտանգավոր է եվրոպական ազատությունների և արժեքների համար»:

«Ես հուսով եմ, որ մենք ականատես կլինենք այդ թյուրըմբռնելի հանդուրժողականության ավարտին, և որ Եվրոպայի բոլոր երկրները վերջապես կհասկանան, թե որքան վտանգավոր է քաղաքական իսլամի գաղափարախոսությունը մեր ազատության և եվրոպական կենսակերպի համար»,- գերմանական Die Welt թերթին ասել է Ավստրիայի կանցլերը։

Խոսելով օրերս Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության ոճրագործներից մեկի՝ 2019 թվականին Սիրիա մեկնելու և ԻՊ-ին միանալու փորձի համար բանտարկված, սակայն ավելի ուշ վաղաժամկետ ազատ արձակված 20-ամյա Ֆեյզուլա Քույթիմի մասին, Կուրցը նշել է, որ դատարանը «միանգամայն սխալ որոշում է կայացրել»։

«Եթե նա ազատ չարձակվեր, ապա ահաբեկչությունը տեղի չէր ունենա»,- ասել է Կուրցը։

Հիշեցնենք, որ Վիեննայում օրերս տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով 4 մարդ է մահացել, տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել