Tert.am-ը գրում է.

Թուրքիայի տարածաշրջանային և համաշխարհային նկրտումները և նպատակները օրեցօր ավելի ագրեսիվ են դառնում և բացահայտորեն ոտնահարում և հակասում են միջազգայնորեն ընդունված հավասարակշռվող մեխանիզմներին, չափորոշիչներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ դրա օրինակները բազմաթիվ են, և մատնանշեց, որ Թուրքիայի նկրտումները բախվում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Իրաքի սահմանների նկատմամբ ոտնձգություններ կան, Կիպրոսի նկատմամբ ևս նկրտումներ կան, և Թուրքիան աշխարհին ամեն օր նոր «անակնկալներ» է մատուցում, որոնք մարտահրավերներ են ամբողջ քաղաքակրթությանը և միջազգային հանրությանը:

«Միջազգային հանրության, միջազգային կառույցների և տարբեր գերտերությունների արձագանքները կարծում եմ, որ երկու խմբի կարող ենք բաժանել, դրանց մի մասը համարժեք, ադեկվատ չեն․ և՛ այդ պետությունները, և՛ կառույցները, շատ հաճախ առաջնորդվելով իրենց նեղ շահերով, թույլ են տալիս, որ թուրքական ագրեսիան, սպառնալիքն էլ ավելի ուժեղանա և մեծ ծավալներ ընդգրկի: Իսկ երկրորդ դեպքում, եթե նույնիսկ կան Թուրքիային դեմ քայլեր, կամ քայլեր անելու ինչ-որ միտումներ, ապա դրանք բավական ուշացած են արդեն, քանի որ տասնյակների ընթացքում Թուրքիան դարձել է բավական հզոր ռազմական ներուժով պետություն և դրա մեջ իր ներդրումն ունի Արևմուտքը, ՆԱՏՕ-ն»,- ասաց նա:

Թուրքագետը նշեց, որ հարյուր տարի առաջ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը քաղաքակիրթ աշխարհը այդպես էլ միասնական չդատապարտեց և հարյուր տարի հետո թուրքական ցեղասպան քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ունենում: «Այն, ինչ քաղաքակիրթ աշխարհը փորձում է այսօր անել, բավականին ուշացած է, քանի որ եվրոպական տարբեր երկրներում տեսնում ենք, որ թուրքերն այս օրերին իրականացնում են իսլամականությանը և այլ ծայրահեղությանը բնորոշ քայլեր՝ հարձակվում են եկեղեցիների վրա, մարդկանց գլխատումներ անում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել