Ճգնաժամային իրավիճակ է, ինչով պայմանավորված՝ այս տարի էլ, մյուս տարի էլ, ենթադրվում է, որ շեղում կունենանք հարկաբյուջետային ընդունված «ոսկե կանոններից», որովհետև ստիպված կլինենք ավելի շատ պարտք ներգրավել, քան մեր կապիտալ ծախսերի ծրագիրն է: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ընթացքում հայտարարեց fինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում, և սա այն ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի իրավիճակում: Քանի որ մենք և՛ 2020-ն ենք համարում ճգնաժամային, և՛ չենք չենք համարում, որ 2021-ին միանգամից և անմիջապես է տեղի ունենալու վերականգնումը, հետևաբար նաև այդ նույն կանոնների տեսակետից բացառիկ է գնահատվում 2021 թվականը, ինչով պայմանավորված՝ ունենալու ենք պարտքի աճ»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց նաև՝ 2021-ի համար նախատեսված շրջանակը ենթադրում է, որ 2020-ի հետ համեմատած՝ կարող է լինել պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտավորապես 1,7 տոկոսային կետով:

Ջանջուղազյանի խոսքով՝ հարկաբյուջետային կանոններից շեղման պարագայում ենթադրվում է, որ օրենսդրական ավելի խիստ սահմանափակումներ կարող են առաջանալ, որոնք արդեն իսկ կան: «Կառավարության պարտք-ՀՆԱ 60 տոկոս շեմը գերազանցելուց հետո այնքան ժամանակ, քանի դեռ պարտքի շեմը չի նվազեցվել, մենք հարկադրված ինչ-որ միջոցառումներ պետք է իրականացնենք, որ կարողանանք պարտքը պահել կառավարելի միջակայքում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարկաբյուջետային ռիսկերին, նախարարն ասաց, որ համավարակի և ռազմական գործողությունների անորոշություններով պայմանավորված, դեպի ներքև հակվածություն ունեն: «Հակաճգնաժամային և տնտեսության հետագա վերականգնմանն ուղղված միջոցառումների մեր սպասումները կարող են մի փոքր գերագնահատված լինել թե՛ չափերի, թե՛ ժամկետների առումով»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել