Նոյեմբերի 1-ից 14-ը հունական Հռոդոս և Կաստելորիզո կղզիների մոտակայքում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ Navtex-ի նոր անօրինական ծովային նախազգուշացումը հաստատում է, որ Թուրքիայի իշխանություններն անտեսում են միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ցավոք,  անօրինական սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու համար նոյեմբերի 1-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում նոր անօրինական Navtex-ը թողարկելով՝ Թուրքիան ևս մեկ անգամ հաստատում է, որ շարունակում է անտեսել միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Այս գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է գործել ի հեճուկս միջազգային հանրության կոչերի, այդ թվում՝ անցյալ տարվա հոկտեմբերին Եվրոպական խորհրդի եզրակացությունների, որը Թուրքիային կոչ է արել դադարեցնել իր գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է ԱԳՆ-ն, Հունաստանը վերստին դատապարտում է այդ իրավախախտումները, որոնք չեզոքացնում են կառուցողական երկխոսության հեռանկարը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին:

Դեպքերի նման զարգացման ֆոնին Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել