Եկեք մի պահ հարց տանք ինքներս մեզ, թե ի՞նչ թեմաների շուրջ ենք ցանկանում բանակցել Ադրբեջանի հետ։ Տարածքների վերադարձի խնդի՞ր, Արցախի կարգավիճա՞կ, զինադադարի ռեժիմի վերականգնո՞ւմ, թե՞ էլի ուրիշ բաներ։ Պատերազմի սկզբում Բաքուն և Անկարան երկուստեք հստակ ծրագիր են նախանշել իրենց համար՝ գրավել Արցախի շուրջ եղած անվտանգության գոտին, ռազմակալել բուն Արցախը և նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության դեմ՝ հետագա զիջումների, այդ թվում՝ տարածքային զիջումների տեսքով։

Իսկ որո՞նք են մեր, տվյալ դեպքում՝ պատերազմի թիրախ դարձած կողմի անելիքները։ Հասնել այն բանին, որ հաստատվի հրադադա՞ր, վերականգնել զինադադարի ռեժի՞մը, ամրագրել նոր բնագծերն ու այսպիսով շարունակել հակամարտության կարգավորման ինչ-որ սկզբունքների շուրջ անպտուղ բանակցություննե՞րը, թե՞ վերջնականապես ձևակերպել մեր պետության երկարաժամկետ անվտանգությունն ապահովող քայլերի հերթականությունը։

Կրկնում եմ՝ Բաքուն և Անկարան խնդիր են դրել ռազմական ճանապարհով հասնել Արցախյան խնդրի ՎԵՐՋՆԱԿԱՆ լուծմանը և նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի դեմ։ Կա՞ն արդյոք կասկածներ այս պնդման շուրջ։

Ուրեմն ստեղծված իրավիճակում եկեք ազգովի ձևակերպենք մեր գլխավոր նպատակներն ու անելիքները և մեր ողջ ներուժն ու հնարավորություններն ուղղենք դրանք կյանքի կոչելու համար։ Այստեղ արդեն Արցախի հարցը չէ դրված, այլ դրված է Հայաստանի ու ողջ հայության ապագայի հարցը։ Եթե մեզ պարտադրել են իր դաժանությամբ ու ծավալներով այսպիսի պատերազմ, ապա սանձազերծող կողմի հետ ոչ միայն բանակցելու, այլև զիջումների գնալու հին ու նոր սցենարներն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ դրանք չեն երաշխավորում առկա վտանգների ու սպառնալիքների լիակատար չեզոքացումը։

Եկեք մտածենք ու գործենք մի ուղղությամբ, որը բերելու է մեզ համար մշտական սպառնալիք դարձած կողմի լիակատար չեզոքացմանը, որպես Հայաստան աշխարհի երկարաժամկետ անվտանգության ապահովման միակ երաշխիք։ ՀՀ զինված ուժերի ու Պաշտպանության բանակի առջև հենց այս խնդիրը պետք է դնել, իսկ թիկունքի ողջ ներուժը պետք է կենտրոնացնել այս գերխնդիրն արդյունավետությամբ իրագործելու ուղղությամբ։

ՍԱ Է ՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԵԼԻՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԳԱՅԻ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել