168.am-ը գրում է․

Տեղեկություններն այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր և արկեր, դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, և հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և խաղաղ բնակիչների դեմ արգելված զինատեսակների կիրառությունը պետք է աշխարհի ուշադրության կենտրոնում լինի», – նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց` Արցախի հայությունը ենթարկվել է ագրեսիայի Ադրբեջանի կողմից, և Արցախն ունի լեգիտիմ իրավունք Ադրբեջանի տարածքում հավաստանշելու և ոչնչացնելու այն թիրախները, որտեղից իրականացվում է ագրեսիան, ինչն ամեն մեկն աշխարհի ցանկացած մասում պետք է գիտակցի:

«Ադրբեջանի խոշոր քաղաքներում տեղակայված են ռազմական տարբեր օբյեկտներ, օդանավակայաններ, որտեղ տեղակայված են նաև Թուրքիային պատկանող F-16 կործանիչները: Եվ եթե այս օբյեկտներից Ադրբեջանն իրականացնում է ագրեսիա Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, ապա Արցախի լիարժեք իրավունքն է ոչնչացնել այդ նշանակետերը: Եվ եթե Արցախի սպառազինության մեջ եղած խորհրդային արտադրության խոցման միջոցները, թիրախավորելով Ադրբեջանի ռազմական նշանակության օբյեկտները, որոնք շատ մոտ են տեղակայված խաղաղ բնակչությանը, խոցում են և կարող են վրիպել, ապա Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճգրիտ խոցման միջոցներ կան, որոնց մասին բոլորը գիտեն: Եվ Ադրբեջանը դրանք ավելի թիրախային է օգտագործում և թիրախավորում Արցախի խաղաղ բնակչությունը: Շուշիի եկեղեցուն սխալմամբ չէին կպել, Ստեփանակերտի ծննդատանը ևս»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել