Ամերիկյան CBN (Christian Broadcasting Network) խոշորագույն հեռուստաալիքի լրագրող Չաք Հոլթոնը Ստեփանակերտից ներկայացրել է քաղաքում այսօր տիրող իրավիճակն ու խոսել չդադարող օդային տագնապների մասին: Լրագրողի պատկերած տեսագրությունները հրապարակել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում:

«Երբեք չես իմանա, թե ուր կընկնեն հրթիռները: Երբեմն զգուշացում է լինում, երբեմն՝ ոչ: Դա կարող է լինել հրետանի կամ հսկա հրթիռ: Եթե հրթիռն ընկնի մոտակայքում, ո՛չ զրահաբաճկոնը, ո՛չ բետոնե պատերը չեն օգնի: Դրանք հսկայական հրթիռներ են: Սակայն հրետանու պարագայում օգնում են: Սարսափելի է»,- ասել է լրագրողը:

Ավելի վաղ նա ևս մեկ տեսագրություն էր ներկայացրել, որում փաստավավերագրել է Ադրբեջանի կողմից արգելված կասետային ռումբերի կիրառումն Արցախի խաղաղ բնակչության դեմ և դրա հետևանքները: Վերջինիս ներկայացրած տեսանյութում անդադար լսվում է օդային տագնապի ազդանշանի ձայնը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել