168.am-ը գրում է․

«Թուրքիայի՝ Մեծն Թուրանի գաղափարները միայն Հարավային Կովկասի նկատմամբ հավակնություններով չեն սահմանափակվելու և մոտենալու են նաև Ռուսաստանին»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին` պատասխանելով հարցին, թե ընդհանրապես ինչ արդյունքներ կարելի է ակնկալել Ղարաբաղյան հակամարտության շրջանակում Թուրքիայի միջնորդական ջանքերից։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հերթական հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք, ի թիվս այլ հարցերի, անդրադարձան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Չորեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը հայտնել է, որ ինքը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նա նշել է, որ ստիպված են այն միասին լուծել։

«Մենք լավ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ: Մենք մանրամասն քննարկեցինք Ղարաբաղը: Մենք ասացինք՝ եկեք այս ամենն ավարտենք Կովկասում: Մենք կարող ենք միասին քայլեր ձեռնարկել, խոսել կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել` կկարգավորե՞նք խնդիրը, թե՞ ոչ։ Հիմնարար որոշում կայացնելուց հետո միայն «կարելի է կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ Մինսկի խումբը «խնդիրը չլուծեց, բայց խաղում էր միայն ժամանակի համար»: Էրդողանն առաջարկել է Պուտինին «հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ ինքը պատրաստ է զրուցել Ադրբեջանի նախագահ «եղբայր Իլհամ Ալիևի» հետ: «Եկեք արդեն դա անենք, թող պատվիրակությունները հանդիպեն: Համոզված եմ, որ արդյունքներ կստանանք»,- ասել է Էրդողանը`հիշեցնելով, որ Անկարան լիովին աջակցում է Բաքվին հակամարտությունում:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ, բնականաբար, Թուրքիան առաջնորդվելու է Մեծն Թուրանի իր գաղափարներով՝ Ադրիատիկից մինչև Խաղաղ օվկիանոս` զուգահեռաբար փորձելով բանակցել Ռուսաստանի հետ ավելի ընդարձակ օրակարգի շուրջ, քանի որ Մերձավոր Արևելքում Թուրքիան կորուստներ ունեցավ և շարունակում է ունենալ, իսկ նոր ճակատը Ռուսաստանի դեմ և նոր հավակնություններն այս ուղղությամբ թուրքական հաշվարկներով տեղին են թե արտաքին, թե ներքին քաղաքականության տեսանկյունից։

Ըստ նրա, Ադրբեջանին դրդելով պատերազմի և դրանում հաջողության դեպքում Թուրքիան լիովին կտիրապետի Ադրբեջանին, եթե դա արդեն չի անում, իսկ հայկական թեմատիկան մշտապես խոչընդոտ է եղել պանթուրքիստական ծրագրերում, ելնելով աշխարհագրությունից և կրոնական գործոնից։

«Թուրքիան բանակցային ճյուղեր է ստեղծում ռուսական կողմի հետ, զուգահեռաբար փորձում է ընդլայնվել։ Բացի դրանից, Թուրքիայում ներկայումս պանթուրքիստական գաղափարները մեծ համբավ ունեն, և դրա գլխավոր քաղաքական կողմնակիցն Էրդողանի հետ նույն ալիքի վրա գտնվող Ազգայնական շարժում կուսակցությունն է։ Նրանց ու այս գաղափարների շրջանառման շնորհիվ Էրդողանը հավելյալ ընտրազանգված է ձեռք բերում, այսինքն՝ կա նաև ներքաղաքական շահագրգռություն։ Բայց այս ուղղությամբ Թուրքիան քայլեր է սկսել իրականացնել վերջին տասնամյակների ընթացքում, ձևավորելով համապատասխան հարթակներ, այդ թվում՝ Թյուրքական խորհուրդը։ Թուրքիան սերտ համագործակցություն ունի Միջին Ասիայի երկրների հետ, դրան զուգահեռ՝ քննարկվում է թուրանական բանակի ստեղծման հարցն Ադրբեջանի և թյուրքախոս միջինասիական երկրների հետ։

Թուրքիայի Պաշտպանության նախարարն այցեր է կատարում դեպի Ղազախստան և Ուզբեկստան՝ ամրապնդելով երկկողմ ռազմական համագործակցությունը, ավելի հեռահար ծրագրեր ունենալով, և, մի շարք գնահատականների համաձայն, Ղարաբաղյան գոտում ադրբեջանաթուրքական բանակի գործունեությունը, որը ես գնահատում եմ՝ որպես ավատյուրիստական, մոտեցրել է Անկարայի այդ երազանքը։ Իսկ թե որքանով է իրագործելի, կարծում եմ՝ ոչ այնքան, քանի որ Միջին Ասիայում թուրքական գործոնն այդքան ամուր չէ, որքան թվում է»,- ասաց Նադեին-Ռաևսկին՝ հավելելով, որ ցավալին այն է, որ պանթուրքիզմի ուղին մշտապես ռազմական, այլ ազգերին ու ժողովուրդներին դուրս մղող և վտանգող ուղի է։

Նրա համոզմամբ՝ Մեծ Թուրան ձևավորելը չափազանց հավակնոտ և անիրականանալի գաղափար է, սակայն դրա իրագործման փորձերի ճանապարհին տարածաշրջանը և տարածաշրջանային ժողովուրդները մեծ կորուստներ կկրեն։

«Թուրքիան ջանասիրաբար փորձում է տեղավորվել նաև Անդրկովկասում, մասնակցել հակամարտության կարգավորման գործընթացին Ռուսաստանի հետ հավասարը հավասարին։ Ռուսաստանը հասկանում է, որ սա կառուցողական չի լինելու, սակայն իր դիվանագիտական ջանքերի շրջանակում չի կարող խուսափել Էրդողանի հետ քննարկումներից, հատկապես, երբ Էրդողանն է հրահրում պատերազմը, և նա է գործող գլխավոր խաղացողը։ Պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանը փորձում է անել դիվանագիտական բոլոր հնարավոր և անհնար քայլերը, Ռուսաստանը հասկանում է, որ կարող է հեշտությամբ ներգրավվել այս պատերազմում, և մինչ այդ պահը, քանի դեռ չկա հարձակում Հայաստանի վրա, փորձ է արվում խուսափել մեծ պատերազմից՝ բանակցելով Թուրքիայի հետ, ինչպես նաև միջնորդ ձևաչափով Մինսկի խմբում։ Ինչ կտա Թուրքիայի առաջարկած ձևաչափով խոսակցությունը, երբ չկա բանակցելու ոգի, այլ միայն պատերազմի հռետորաբանություն՝ դժվար է ասել, իրավիճակը բարդ է։ Եթե Ռուսաստանը խախտի իր հրապարակային չեզոքությունը, իրավիճակն է՛լ ավելի փակուղային կարող է դառնալ։ Ուստի Ռուսաստանը չի միջամտելու՝ բացի իր դիվանագիտական ջանքերից, քանի դեռ Հայաստանի Հանրապետությանը հարվածներ չեն եղել։ Իսկ վերոնշյալ ձևաչափով հանդիպումներ կարող են լինել, բայց հույսեր չունեմ, որ դրանք կարող են արդյունքներ ունենալ։ Ռուսաստանը նման աշխատանքի բազմաթիվ փորձեր ունի և փորձելու է զսպել Թուրքիային, ճկուն բանակցություններ վարել դադարեցնելու համար պատերազմը»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել