168.am-ը գրում է.

Ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովի դիտարկմամբ, Երևանն ունի բավարար հիմքեր  ադրբեջանական գրոհները զսպելու  նպատակով ՀԱՊԿ դաշնակիցներից օգնություն խնդրելու համար, փոխանցում է Argumenti.ru-ն:

Սիվկովը նշել է, որ Հայաստանին աջակցություն ստանալ թույլ է տալիս Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը:

Փորձագետի խոսքով՝ հակամարտությանը Մոսկվայի միջամտության դեպքում ՌԴ օդատիեզերական ուժերը ղարաբաղյան բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել  Ադրբեջանի զինված ուժերին:

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել