Hraparak.am-ը գրում է․

«Կարեւոր է հարցը, որ գուցե Հայաստանն է մեղավոր իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել», հոկտեմբերի 26-ին Facebook-ի իր ուղիղ եթերում հարց առաջադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հերթական ձախողված հրադադարին:
«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա: Ընդ որում, այս պահանջը ոչ միայն այսօրվա, այլ պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է: Այսինքն, այնտեղ, որտեղ մենք որեւէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել արդեն Ադրբեջանի համար: Եթե մենք որեւէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետեւ նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել եւս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախը չի ցանկանում Ադրբեջանի կապիտուլյացիան, ապա շարունակեց․

«Ես հիմա ուզում եմ, որ մենք պատասխանեք մի հարցի. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է դրան: Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, եւ հայ ժողովուրդը պատրաստ է, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու եւ իր իրավունքները պաշտպանելու»,- ասաց Փաշինյանը։

Ըստ հանրագիտարանային բացատրության, Կապիտուլյացիան միջազգային իրավունքում հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ նրանց զորամասերի դիմադրության դադարեցումն է ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում, և պատերազմող պետության զինված ուժերի հանձնումը հաղթող կողմին։ Որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ողջ սպառազինության, ռազմական, նավերի ու ինքնաթիռների, ամրոցների, ամրացված ռազմակետերի և ռազմական գույքի հանձնումը հակառակորդին, իսկ անձնակազմը հաղթողին է հանձնվում որպես գերի։ Անվերապահ կապիտուլյացիան սովորաբար կնքվում է հակառակորդի ռազմական ուժերի լրիվ ջախջախման ժամանակ, երբ պարտված պետությունը ճանաչում է այդպիսի ջախջախումը և հանձնում ամբողջ զինված ուժերը։ Հաղթող կողմը կարող է պարտված պետության գերագույն իշխանությունը ժամանակավորապես վերցնել իր ձեռքն ու հաստատել օկուպացիոն ռեժիմ։

«Ալիեւի կողմից նման հանրային պահանջի չեմ հանդիպել, փոխարենը եղել է Ալիեւի պահանջը, որ Հայաստանը բանակցությունների ժամանակ ներկայացնի այնպիսի ղեկավար, ով տիրապետում է իրավիճակին եւ ով կարող է տեր կանգնել իր խոսքին։ Ի դեպ, մամուլից տեղյակ ենք, որ նման ակնարկներ հնչել են նաեւ համանախագահող երկրների կողմից։ Այս տեսանկյունից, թերեւս, կապիտուլյացիայի մասին խոսքերը վերաբերում են Նիկոլ Փաշինյանի անձին»։ Ենոքյանին հարցրինք նաև, թե իր կարծիքով, որո՞նք են այն «ցավոտ փոխզիջումները», որի մասին խոսում էր վարչապետը, և արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է դրանց․

«Կոնկրետ բանակցային պրոցեսի ժամանակ են ներկայացվել այդ փոխզիջումների մասին պահանջները եւ մենք շատ էլ տեղյակ չենք կոնկրետություններից։ Մի բան է ակնհայտ՝ ուշացնելով բանակցությունների գնալը, մենք ավելի ենք թուլացնում մեր դիրքերը, քանի որ ամեն օր կրում ենք ցավալի կորուստներ ու տալիս տասնյակ զոհեր։ Ակնհայտ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտնի լայվ-խոստովանությունը կրկին կտրուկ թուլացրեց մեր բանակցային դիրքերը։ Բայց այս ամենը վկայում է ոչ թե հայ ժողովրդի՝ զիջումների գնալու պատրաստակամության մասին, այլ իշխանությունների անկարողության։ Իսկ եթե հայ ժողովրդին ներկայացնող Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ժողովուրդը պատրաստ է զիջումների, ապա կարծում եմ, որ նա այլեւս չի ներկայացնում ժողովրդին»,- ասաց քաղաքագետը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ ասաց, որ «կապիտուլյացիան» առանց որևէ պայմանի հանձնվելն է, բայց թե ինչո՞ւ է վարչապետն այդ արտահայտությունը օգտագործում, ասել չի կարող․

«Ես չեմ կարող ասել, թե ինչ կապիտուլյացիայի մասին է խոսքը, որովհետև դա երևի թե գիտեն միայն բանակցողներն ու Նիկոլ Փաշինյանը, դրանից ավել ես ուղղակի չեմ կարող մեկնաբանել։ Կապիտուլյացիա նշանակում է առանց ոչ մի պայմանների հանձնվել, և թե ինչու է վարչապետը օգտագործել այդ բառը իր ելույթի ընթացքում 11 անգամ, ես ճիշտն ասած չեմ կարող մեկնաբանել»։

Նշենք նաև, որ վարչապետի «լայվից» հետո համացանցում սկսեցին բուռն քննարկել և դժգոհություններ հայտնել նրա ձևակերպումների վերաբերյալ, ոմանք նույնիսկ փորձում էին իրենք իրենց համոզել, որ այդ ուղիղ միացումը չեն տեսել և այն չի եղել ընդհանրապես։ Հավանաբար հենց այս արձագանքներն էին պատճառը, որ հաջորդ օրվա ուղերձում ՀՀ վարչապետը տրամագծորեն հակառակ մտքեր արտահայտեց, հայտարարելով, որ նախօրեի լայվն ուղղված էր արտաքին լսարանին, այժմ որոշված է՝ կռվելու ենք ամեն սանտիմետրի համար եւ ջախջախելու ենք թշնամուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել