Armenpress.am-ը գրում է․

Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը հայկական կողմի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կհանդուրժի այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմն իր տարածքին չի բերել շատ մեծ վնասներ ու ավերածություններ: Իրանագետ Ահարոն Վարդանյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմի արձակած հարվածները վնաս են հասցրել նաև Իրանի տարածքին ու բնակիչներին:

«Կարծում եմ կհանդուրժի այնքան, քանի դեռ շատ մեծ, աղետալի վնասներ չի բերել այս պատերազմը: Իհարկե, արկեր ընկնում են, բայց, երբ կլինեն շատ զոհեր և մեծ ավերածություններ, Իրանը կներքաշվի այս հակամարտությունում: Քանի դեռ չկան այդպիսի աղետալի հետևանքներ, առայժմ իրենք սպասողական վիճակում են: Իրանը բացարձակապես չեզոք երկիր է այս հակամարտությունում, բավական հավասարակշռված, դրական չեզոքություն ունի: Չի աջակցում կողմերից որևէ մեկին և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունը դադարեցվի»,- ասաց Վարդանյանը:

Իրանագետը նշեց, որ Իրանին այստեղ այլ խնդիրներ են մտահոգում, մասնավորապես իր սահմանին մոտ ահաբեկիչների տեղակայման հարցը, և, եթե հետախուզությունը բավարար տվյալներ ունենա այնտեղ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ, Իրանը կարող է հարված հասցնել նշված վայրերին:

«Իր հյուսիսային սահմաններին մոտեցված ռազմական տեխնիկան, կարծում եմ, որ միայն պաշտպանական նպատակով է, որևէ գործողություններ չեմ կանխատեսում, որ կձեռնարկի: Հնարավոր է, որ, եթե հետախուզական տվյալներ ունենա, որ որևէ տեղամասում կան ահաբեկիչներ, հնարավոր է նաև հարվածներ հասցնի այդ ահաբեկիչներին: Ադրբեջանի կամ ՀՀ զինված ուժերի վրա հարձակում չեմ կանխատեսում: Իրանին միայն մտահոգում է ահաբեկիչների հարցը: Նա վատ հիշողություններ ունի իր սահմաններում ահաբեկիչների առկայության հետ կապված»,- նշեց իրանագետը:

Ահարոն Վարդանյանի խոսքով` Իրանն այս փուլում առավելապես դիվանագիտական ջանքեր է գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Իրանը կփորձի նաև միջնորդական առաքելությամբ հանդես գալ: Առայժմ միայն դիվանագիտական ճանապարհով քայլեր կձեռնարկեն և այլ կարգի միջամտություն այս պատերազմական գործողություններում այս պահին չեմ տեսնում»,- ասաց նա:

Անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչիի Երևան, Մոսկվա և Բաքու կատարելիք այցին, Ահարոն Վարդանյանը նշեց, որ այդ այցի ընթացքում կարող է քննարկվեն նաև ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը, որի հետ կապված Իրանը ևս մտահոգություններ ունի:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան.  նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել