ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ 71 կողմ ձայնով ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

ՀՀ պաշտպանության փոխնախարար, հարցի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշեց՝ նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6, 328, 356-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում: 

Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում:

Բալայանի խոսքով՝ արդեն կան առաջադրված համապատասխան մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ, այսինքն՝ օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել: 

«Եվ այս պահին գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որ անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,-ասաց Գաբրիել Բալայանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել