Armenpress.am-ը գրում է․

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության օրն իսկ Արցախի ուղղությամբ կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս որոշումը վկայում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց այս ագրեսիվ պատերազմը՝ արդեն այս անգամ դեմ գնալով այն առաջարկին, որը հեղինակվել է Վաշինգտոնում»,- ընդգծեց թուրքագետը՝ հույս հայտնելով, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ ճնշումը Թուրքիայի և Ադրբեջանի վրա կտա իր արդյունքը, և նրանք, այսպես ասած, ագրեսիվ պահվածքից կհրաժարվեն։

Պատասխանելով հարցին, թե որն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նպատակն Արցախի դեմ պատերազմում՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծիք հայտնեց, որ Էրդողանի այս քաղաքականության հիմնական թիրախը և՛ Արցախն է, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛, ընդհանրապես, հայ ժողովուրդը։ «Ես կարծում եմ, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա նա կշարունակի ցեղասպանության այն քաղաքականությունը, որի հիմքը դրել էին երիտթուրքերը և հետո շարունակեց Աթաթուրքը։ Էրդողանի համար այս խնդիրն առաջնային ու ամենակարևորն է»,- նշեց նա։

Անդրադառնալով այլ տարածաշրջաններում Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ եթե Լիբիայում զինադադար է, Սիրիայում լարվածությունը պահպանվում է, բայց այստեղ թեժ փուլը չէ՝ որոշ չափով պահպանվում է լարվածությունը թուրք-սիրիական հարաբերություններում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան շրջաններում։ «Կարծում եմ, որ այս պահին Էրդողանի նպատակն է հնարավոր բոլոր տեղերում, որտեղ ես նշեցի, այնտեղ, որտեղ հնարավորություն կա, շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը»,- եզրափակեց թուրքագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել