Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում առանձին հանդիպումներ են կայացել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

ԱՄՆ պետական քարտուղարը մինչ այդ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Արտգործնախարար Մնացականյանն արդյունավետ է որակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները, ինչի մասին ասել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»,- ասել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել