168.am-ը գրում է․

168.am-ի զրուցակիցն է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները մեկ հարթության վրա են

– Մեկ անգամ չէ, որ մենք՝ պատմաբաններս, թուրքագետներս, ասել ենք, որ, ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Ադրբեջանը ցեղասպանական պետություններ են՝ ելնելով պատմական իրողություններից և այն փաստերից, որոնք առկա են։ Հիշենք Ադրբեջանի մահմեդական կամ մուսաֆաթական հանրապետության կողմից Բաքվի, Շուշիի հայության նկատմամբ իրակացված ցեղասպանական գործողությունները, թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության իրագործումը, այնուհետև այդ քաղաքական դրսևորումները 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, Կիրովաբադում (Գանձակում), նաև 1990 թվականի հունվարյան աղետը Բաքվում, 1992 թվականի սպանդը Մարաղայում։ Ցեղասպանական գործողությունների այս շղթան, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի պարագայում, հիմա նաև արդեն տանդեմ կազմելով գլխավոր ցեղասպան պետության՝ Թուրքիայի հետ, իրագործում է իր քայլերը։

Չմոռանանք, որ նույն ահաբեկիչներին դեռևս 2014 թվականի մարտի 21-ին Թուրքիան ուղղորդեց դեպի հայկական Քեսաբ, այս նույն խմբավորումները, որոնք հիմա բերել է Արցախյան ճակատ, դրանք օգտագործվեցին Քեսաբի վրա հարձակմանը հենց Թուրքիայի տարածքից։ Այս հանցագործությունների շղթան մշտապես մեզ համար ուղենիշ է, և մենք անընդհատ արձանագրում ենք, որ այդ ցեղասպանական վտանգներնը առկա են Հայոց ցեղասպանության ժխտման և նենգափոխման պայմաններում, հետևաբար՝ կանխատեսում էինք, որ մի օր այդ սպառնալիքն օրհասական է դառնալու։ Ահավասիկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախյան ռազմաճակատում, երբ թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը, երբ վանդալիզմի առանձնահատուկ դրսևորումներ ենք տեսնում խաղաղ բնակչությանը սպանելու, պատերազմական հանցագործությունները և ահաբեկչական գործելաոճը, կարծում եմ, ճիշտ իրար գտել են՝ Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները մեկ հարթության վրա են։ Ցեղասպան պետություն լինելուց բացի, նրանց արդեն կարող ենք համարել ահաբեկչական պետություն, որոնք չեն խորշում համագործակցել նման կառույցների հետ և նրանց օգտագործել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

Հայ ժողովրդին գոյաբանական մարտահրավեր է նետված

– Միանշանակ գոյաբանական մարտահրավեր է նետված հայ ժողովրդին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, և պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 22-ին իր խոսքում հատուկ շեշտադրումներ կատարեց՝ հիշելով և՛ սումգայիթյան դեպքերը, և՛ Արցախի տարածքում ծանր հանցագործություններ կատարելու փաստը։ Իհարկե, այդ ամենին ցեղասպանություն բնութագրում չտրվեց, բայց հստակ ակնարկ էր, սրանք ուղիղ ուղերձներ էին Թուրքիայի նախագահին, Ադրբեջանի ղեկավարին՝ նրանց հասկացնելով, որ բոլորն էլ հասկանում են, որ երկու երկրները փորձում են շարունակել ցեղասպանական, պանթուրքիստական ծրագիրը։ ՌԴ նախագահը հստակ մատնանշեց, որ այդ իրողություններից ելնելով, երբ գոյաբանական սպառնալիք կա, բնական է, որ Արցախը չի կարող լինել որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ՝ սա գլխավոր ուղերձն էր Վլադիմիր Պուտինի կողմից։

Ահաբեկիչներն արդեն Ռուսաստանի տարածքում են, սա պետք է սթափեցնի տարբեր աշխատասենյակներում նստած բարձրաստիճան պաշտոնյաներին

– Այնպես չէ, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու առումով միջազգային հանրությունը լուռ է մնացել։ 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, համատեղ հռչակագիր ընդունեցին, որտեղ հստակ դատապարտում էին հայերի զանգվածային սպանությունները, դրանք որակում էին՝ որպես հանցագործություն մարդկության դեմ։ Այդ ձևակերպումը հետագայում միջազգային իրավունքի զարգացման փուլերում գրեթե նույնականացվեց ցեղասպանություն եզրույթի հետ։ Նախատեսված էին նաև պատիժներ թուրքական կառավարության անդամների, տեղական պաշտոնյաների նկատմամբ։ Սա փորձեցին կյանքի կոչել Սևրի պայմանագրի համապատասխան հոդվածներով՝128, 126, 130, բայց աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվեց։ Ռուսաստանն այլևս Խորհրդային էր, և Մուստաֆա Քեմալը հմուտ լարախաղացությամբ կարողացավ օգուտներ քաղել ոչ միայն բոլշևիկյան Ռուսաստանից, այլև այդ սպառնալիքով ազդեց Անտանտի տերությունների վրա, որպեսզի նրանք Սևրի պայմանագրի վավերացման հաջորդ քայլը, և դրանից բխող ծանր հետևանքներով չիրականացնեն։

Այսինքն՝ գնահատականներ եղել են, սակայն վճռականություն, կամք, ինչպես դա եղավ Երկրորդ աշխարհամարտից հետո, Հոլոքոստի դատապարտման առումով, ցավոք, մինչև վերջ չդրսևորվեց։ Կարծում եմ՝ գերտերությունների շահերի հանգամանքը, որոնց բախվում են, տարբեր հետաքրքրություններ ունեն, երբեմն իրարամերժ մոտեցումներ են արտահայտում, ահա այստեղ է պետք փնտրել բոլոր խնդիրները, դժվարությունները, անգամ նման միջազգային հանցագործների գնահատման հարցում տեսնում ենք, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր պետական շահերով։ Երբեմն՝ թվացյալ, սիտուատիվ որոշումներ կայացնելով, որ գուցե այդ պահին այդ սպառնալիքն իրենց սահմաններից հեռու է։ Համաձայն եմ, որ իրենք վատ նախադրյալ են ստեղծում այդ հանցագործությունների աշխարհագրությունն  ավելի ընդլայնելու տեսակետից, և վաղ թե ուշ այդ սպառնալիքները կարող են հասնել մինչև իրենց սահմանները։ Մենք տեսանք, որ ահաբեկիչներն այսօր արդեն Ռուսաստանի տարածքում են։ Այս փաստերը պետք է սթափեցնեն տարբեր աշխատասենյակներում նստած բարձրաստիճան պաշտոնյաների, որ սպառնալիքներն այդքան հեռու չեն, որքան իրենք կարծում են։ Հաշվի առնելով նաև մերօրյա տեխնոլոգիական հնարավորությունները, նրանք շատ կարճ ժամկետում կարող են սպառնալ նաև իրենց պետությունների անվտանգությանը։

Ալիևը թուրք գեներալիտետի ձեռքին պատանդ է դարձել

– Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ներկայումս կարելի է արձանագրել, որ Իլհամ Ալիևն ամբողջությամբ չի կառավարում իր երկրում, այսինքն՝ նրա իշխանությունը սահմանափակված է թուրքական գեներալիտետի այնտեղ գտնվելու հանգամանքով։ Մենք կարող ենք արձանագրել, որ ռազմական գործողություններից ըստ էության այդքան էլ տեղյակ չէ, այլ ուղղակի դիտորդի կարգավիճակում ինչ-որ տեղեկություններ է ստանում առաջնագծից, երբեմն հակասական հայտարարություններ անելով, որովհետև որպես գլխավոր հրամանատար՝ լիարժեք ինքը չէ արդեն։ Ալիևը գործընթացը կառավարողից վերածվել է դիտորդի, հիմա ռազմական գործողությունների կառավարման վահանակը գտնվում է թուրք բարձրաստիճան սպաների ձեռքում, նրանք են այդ ամենն անում։ Կարծում եմ՝ սա լուրջ մարտահրավեր է, խնդիր է Ադրբեջանի պետության, նրա բնակչության համար, որովհետև թուրք սպաները Թուրքիայում հեղաշրջում կատարելու մեծ փորձ ունեն, չորս անգամ  ռազմական հեղաշրջում են կատարել։

Ըստ իս՝ Ալիևը թուրք գեներալիտետի ձեռքին պատանդ է դարձել։ Այս պարագայում հրադադարի ռեժիմի պահպանման կամ խախտման հարցն այլևս Ադրբեջանի նախագահի տիրույթում չէ, դա խախտում է Թուրքիայի կողմից՝ Էրդողանի հրահանգավորմամբ։ Վստահ եմ, որ սա շատ լավ հասկանում են միջազգային  լուրջ խաղացողները, Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Իրանը, բոլորը քաջ գիտակցում են, թե ինչ է այսօր կատարվում Ադրբեջանում, և բոլորն էլ գիտակցում են սպառնալիքը։ Կարծում եմ՝ Թուրքիային այս տարածաշրջանում առաջին զսպող ուժն ամեն դեպքում պետք է լինի Ռուսաստանը, որովհետև սա այլևս դադարել է լինել արցախաադրբեջանական հակամարտություն, սա արդեն տարածաշրջանային, նույնիսկ գլոբալ նշանակության առճակատում է և հավասարապես սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը, նրա ազդեցության ավանդական գոտիներին։

Պաշտոնական Մոսկվան պետք է մի փոքր աճապարի՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որն իր վերահսկողությունից  դուրս գա

– Մեր տարածաշրջանը համարվում է  կարևոր ազդեցության գոտիներից մեկը, որտեղ ակնհայտ է, որ միակ հավատարիմ ուժը Ռուսաստանի ու նրա արտաքին քաղաքականության, Հայաստանի ու Արցախի հանրապետություններն են։ Հիմա Ռուսաստանը լուրջ կողմնորոշվելու խնդիր ունի՝ փորձել սիրաշահել արդեն իսկ ձեռքից դուրս պրծնող և Թուրքիայի ազդեցության տակ հայտնված Ալիևին, թե դաշնակցային պարտավորություններ կատարելուց կյանքի կոչի իր ազգային անվտանգությանը սպառնալիքների չեզոքացման հաջորդական քայլերը։ Կարծում եմ՝ բոլոր դեպքերում ՌԴ նախագահի երեկվա ուղերձում որոշակի շեշտադրումներ կային, հատկապես Թուրքիային ուղղված՝ Ղրիմը չճանաչելու առումով, ընդ որում, հետաքրքիր զուգահեռ անցկացրեց, որ Էրդողանը չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Արցախը։

Սա հետաքրքիր շեշտադրում էր՝ հավասարության նժարի վրա դնելով այս երկու հիմնահարցերը։ Ռուսաստանը, որը ստանձնել է հումանիտար հրադադարի ռեժիմի պահպանության գործընթացը, և որը  մի քանի անգամ ոչ միայն՝ Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան արհամարհել է։ Թուրքիան՝ ճնշելով Ադրբեջանին, թույլ չի տվել, որպեսզի այդ ռեժիմը պահպանվի, նաև թույլ չի տվել՝ Ադրբեջանի Գլխավոր շտաբի ներկայացուցիչները մեկնեն Մոսկվա՝ հրադադարի դետալները կարգավորելու համար,  սրանք անմիջապես Ռուսաստանին ձեռնոց նետել է։ Կարծում եմ՝ ռուսներն այդ ձեռնոցը պետք է վերցնեն և պատվով իրականացնեն իրենց առաքելությունը, հակառակ դեպքում հաստատ կգտնվեն խաղացողներ ոչ միայն՝ տարածաշրջանային, այլև՝ աշխարհաքաղաքական, և կզբաղեցնեն այդ տեղը, եթե Ռուսաստանը շարունակի պասիվ մնալ և դանդաղկոտություն ցուցաբերի այս հարցում։ Այնպես որ, կարծում եմ՝ պաշտոնական Մոսկվան պետք է մի փոքր աճապարի, որովհետև կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որն իր վերահսկողությունից  դուրս գա։

Իրանը հստակ նշում է, որ  իր համար միևնույն չէ, թե ինչ կլինի այս տարածաշրջանում

– Իրանը նույնպես հստակ ցանկություն է հայտնել կարգավորման գործընթացին մասնակցել, առաջարկել են արտգործնախարարի մակարդակով եռակողմ ֆորմատ ստեղծել, որն այլընտրանք կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան, այսինքն՝ Իրանը հստակ նշում է, որ  իր համար միևնույն չէ, թե ինչ կլինի այս տարածաշրջանում, և ուզում է իր մասնակցությունն ունենալ։ Պատահական չէ իր զորքերի տեղակայումն ամբողջ Արաքսի սահմաններում, իսկ դրանք սովորական ուժեր չեն, դրանք «Իսլամական հեղափոխության պահպանների» կորպուսի ուժերն են, որոնք համարվում են էլիտար ստորաբաժանումներ։ Սա ևս մեկ ուղերձ է։

Ալիևի ու Էրդողանի երազներում կարող է լինել այնպես, որ Թուրքիան դառնա բանակցությունների կողմ

– Միայն Ալիևի ու Էրդողանի երազներում կարող է լինել այնպես, որ Թուրքիան դառնա բանակցությունների կողմ, որովհետև հակամարտող կողմերի համաձայնությունը պետք է լինի, որպեսզի ձևաչափը փոխվի։ Բացի այդ, հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի փաստաթղթում Ադրբեջանի արտգործնախարարը միանալով համատեղ հայտարարությանը՝ արձանագրել է, որ եռանախագահների ձևաչափի փոփոխություն չի կարող լինել, դրա մասին մի քանի անգամ շեշտվել է նաև Ռուսաստանի բարձր ղեկավարության կողմից։ Մեր դիվանագիտությունը պետք է փորձի նույն Մինսկի խմբի շրջանակներում հարցը բարձրացնել, որ ոչ միայն Թուրքիայի երազանքը եռանախագահների շարքին դասվելու կամ բանակցային կողմ դառնալու, այլ ընդհանրապես Թուրքիային վտարեն Մինսկի խմբի անդամությունից։

Ինչո՞ւ, որովհետև Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի կողմից ստեղծվել էր՝ որպես հակամարտությունը կարգավորող խումբ, հիմա ստացվում է, որ կարգավորող խմբի մեջ ներգրավված պետությունն ինքն ահաբեկչական երկիր է, որը կոնֆլիկտի մի կողմից՝ Ադրբեջանի կողմից ներգրավված է ռազմական գործողություններում, նման պետությունը կարգավորման խմբի մեջ գործ ունենալ չի կարող։ Հետևաբար՝ այս հարցը պետք է բարձրացնել։ Կարծում եմ՝ եռանախագահների վրա էլ պետք է որոշակի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ հարցը դրվի, որ, եթե Թուրքիան շարունակի նույն ոճով, ապա Մինսկի խմբից կվտարվի։ Ամեն դեպքում քարոզչական առումով սա պետք է հնչեցվի, որ Անկարային և պարոն Էրդողանին տեղ հասնի, որ ինքը ոչ միայն չի դառնալու եռանախագահողներից, այլև կարող է ընդհանրապես վտարվել Մինսկի խմբից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել