168.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման եւ Իրանի նկատմամբ: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Ի թիվս այլոց, ցուցակում հայտնվել է Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին: Ընդամենը ցուցակում Լիբանանի երկու քաղաքացի կա, մեկ՝ իրաքցի եւ երեք կազմակերպություններ, ներառյալ «Վիրտուալ ԶԼՄ-ների միջազգային միավորումը» եւ «Ռադիոյի եւ հեռուստատեսության իսլամական միավորումը». ԱՄՆ-ը նրանց կասկածում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ համագործակցության մեջ:

«Իրանական ռեժիմը գրոհում է ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, բացահայտ կերպով փորձելով առցանց ապատեղեկատվություն տարածելու ուղիով երկպառակություն սերմանել քվեարկությանը մասնակցող բնակչության շրջանում»,-ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

«Իրանի իշխանական կառույցները, քողարկված նորությունների կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ներքո, գրոհում են ԱՄՆ-ի վրա՝ նպատակ ունենալով խարխլել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացը»,-հավելել է ֆինանսների նախարարությունը: Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի մեղադրանքներն ընտրություններին միջամտելու հարցում: Իր հերթին Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ պատժամիջոցների ներքո հայտնված Մասջեդին ոչ միայն դիվանագետ է, այլեւ ԻՀՊԶ-ի գեներալ, որն ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Նրա խոսքով՝ Մասջեդին երկար տարիներ համակարգել է ԻՀՊԶ-ի գործունեությունն Իրաքում, ներառյալ իրաքյան աշխարհազորի ուսուցումը եւ ընդգրկուն ֆինանսական գործառնությունների անցկացումը: Փոմպեոն նաեւ հայտարարել է, որ ցուցակում հայտնված «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներ Նաբիլ Քաուկը եւ Հասան ալ-Բաղդադին մտել են շարժման ղեկավարության կազմ, որն ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել