News.am-ը գրում է․

Թուրքիան ավելի ու ավելի է ներքաշվում Ռուսաստանի կողմից աջակցվող ուժերի դեմ պրոքսի կոնֆլիկտներում, եւ նրա հաջողությունը նվաստացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Business Insider-ը:

Բոլորովին վերջերս Թուրքիան Ռուսաստանի կողմից աջակցվող Հայաստանի դեմ սատարեց Ադրբեջանին: Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին եւ Հայաստանում ռազմաբազա ունի:

Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիայի աճող հանդգնությունը բխում է նրանից, որ նախագահ Թայիփ Էրդողանը գործում է ինչպես Պուտինը: «Էրդողանն ավելի շատ Պուտին է դարձել, քան հենց ինքը՝ Պուտինը»,-ասել է Մերձավոր Արեւելքի հարցերով ՆԱՏՕ-ի ռազմական վերլուծաբանը:

Փորձագետները կարծում են, որ Էրդողանին ոգեշնչել է այն, թե որքան քիչ դիմադրություն ցուցաբերեց Արեւմուտքը Պուտինի նկատմամբ Սիրիայում եւ Լիբիայում երկարաժամկետ ներկայության համար, ինչպես նաեւ Ուկրաինայի իրավիճակի հարցով: Վերջին մեկ տարում Թուրքիան եւս ներգրավվեց Սիրիայում եւ Լիբիայում կոնֆլիկտներին:

«Էրդողանը նայում է դրոնների իր էժան, սակայն արդյունավետ ծրագրին եւ մտածում՝ ինչո՞ւ նույնը չանել: Այդ ռազմավարությունն առավել արդյունավետ է դառնում հենց այնտեղ, որտեղ Պուտինն անձամբ է դա կիրառում»,-ասել է վերլուծաբանը:

Աղբյուրը նկատի է ունեցել Թուրքիայի կողմից հայրենական արտադրության  էժան անօդաչուների տեղակայումը, որոնք կարողացել են ոչնչացնել մեծ թվով թանկարժեք զրահամեքենաներ: Թուրքիան դրոններ է օգտագործել նաեւ Լեռնային Ղարաբաղում:

Ավելի վաղ այս տարի Ռուսաստանը զենք ուղարկեց եւ օդային աջակցություն Լիբիայում դաշտային հրամանատար Խալիֆա Խաֆթարի ուժերին:

Այդ ժամանակ Պուտինն ու Եգիպտոսում եւ ԱՄԷ-ում նրա դաշնակիցները կարծում էին, թե գնում են դեպի հաղթանակ, ինչը կհանգեցնի շահավետ նավթային գործարքների, երկարաժամկետ ռազմական ներկայության եւ բարեկամական կառավարության ստեղծման աշխարհի առանցքային հատվածում:

Սակայն Թուրքիան եւս հնարավորություն տեսավ սեփական դերը խաղալու եւ ուժեր ուղարկելու համար՝ հաջակցություն Տրիպոլիի կառավարության, ինչը վերջին հաշվով կանգնեցրեց Ռուսաստանին եւ ստիպեց դադարեցնել կրակն ու բանակցություններ վարել:

Անցած տարի հոկտեմբերին թուրք զինվորականներն առաջին անգամ մտան սիրիական Իդլիբ, որպեսզի արագացնեն Ռուսաստանի կողմից աջակցվող կառավարական զորքերի հարձակումը:

Փոխհրաձգությունից մի քանի շաբաթ անց, կրկին անօդաչուների միջոցով, թուրքերը դադարեցրեցին սիրիական հարձակումը:

«Էրդողանը կարող է իրեն թույլ տալ ռիսկի դիմել դրոններով եւ վարձկաններով, որոնց նա ընտրում է սիրիական տարբեր խմբավորումներից, եւ ամեն անգամ դա աշխատում է. կա որոշակի քննադատություն ՆԱՏՕ-ի կողմից եւ մի քանի հեռախոսազանգեր, սակայն ոչ ոք ոչինչ անել չի պատրաստվում:

Լիբիայում եւ Սիրիայում Թուրքիայի էժան հաջողությունը միայն թեթեւացրեց Ադրբեջանի կողմից նրա միջամտությունը Լեռնային Ղարաբաղում: Թուրքերը տեսնում են, որ դա աշխատում է Մերձավոր Արեւելքում, եւ մտածում են, որ դա անվիճելի իրավիճակ է: Նրանք նախկին Խորհրդային Միությունում «անվճար» պատերազմ են սկսել, եւ դա Պուտինին կխելագարեցնի:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը սահմանափակել է իր արձագանքը կոնֆլիկտին: Չնայած տեխնիկապես նա կապված է Հայաստանի հետ պաշտպանական համաձայնագրով, նա լավ հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանի հետ»,-ասել է վերլուծաբանը:

Freedom House-ի հատուկ հետազոտությունների հարցերով տնօրեն Նեյթ Շենկքանը Թվիթթերի իր էջում գրել է, որ «Թուրքիան՝ միջամտելով ԼՂ հակամարտությանը, կարծես, որոշել է անտեսել միջազգային քննադատություններն ու կարճաժամկետ պատժամիջոցները՝ արկածախնդրություն, որին բազմիցս դիմել է Պուտինը»:

«Չնայած նրան, որ Թուրքիայի այդ  ագրեսիայի երկարաժամկետ հետեւանքները դեռ պարզ չեն, ակնհայտ են Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում Պուտինի ծրագրերի կարճաժամկետ հետեւանքները: Ռուսաստանը դեռ չի կարող արգելել Թուրքիային օգտագործել իր էժան անօդաչուները, քանի որ Պուտինը խնդիրներ կունենա: Էրդողանին, ինչպես Պուտինին, քիչ է մտահոգում, թե ինչ է մտածում աշխարհը, եւ այս պահին նա հետ է գցել 2020 թվականին Պուտինի ծրագրերի մեծ մասը»,-կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի վերլուծաբանը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել