168.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր ռազմական արձագանքի տարբերակները շարունակում են ակտիվորեն քննարկվել հայկական և ռուսական փորձագիտական շրջանակներում։ Թեև նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց, որ Ռուսաստանն արել և անում է առավելագույնը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա նաև խոսել էր այն մասին, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք ունի արձագանքել իրավիճակին՝ ահաբեկիչների ներկայությանը, և ասել էր, թե չգիտի՝ արդյոք Ռուսաստանը դիտարկո՞ւմ է ԼՂ-ում հակաահաբեկչական օպերացիա իրականացնելու հնարավորությունը։ Կան փորձագետներ, որոնք կարծում են, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է անթռիչք գոտի հայտարարել Ղարաբաղի երկնքում և համապատասխան օպերացիա իրականացնել։

Իսկ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները։ Նա նշել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ռուսաստանում տարբեր սխեմաներ են դիտարկվում։

«Ռուսական դեսանտները, որոնք արդեն մասնակցել են խաղաղապահ օպերացիաների, մասնավորապես՝ Կոսովոյում, ԼՂ հակամարտության գոտում կարող են՝ որպես դիտորդներ, որպես խաղաղապահներ, օգտագործվել խաղաղապահ օպերացիա իրականացնելու համար։ Չի բացառվում, որ դիտարկվում է հակաահաբեկչական օպերացիա, ահաբեկիչների ճամբարների ոչնչացման համար, իմ կարծիքով, ավելի արդյունավետ կլիներ կիրառել բարձր ճշգրտության օդային բազավորմամբ թևավոր հրթիռներ։ Գուցեև կարիք լինի հողի վրա օպերացիա իրականացնել, բայց դա բարձր հրամանատարության որոշելիքն է արդեն։ Ես նշում եմ պոտենցիալ հնարավոր տարբերակները, որոնցից մեկն էլ անթռիչք գոտու ձևավորումն է կամ Գյումրիի ռուսական ռազմաբազայի որոշ հատվածների վերաբաշխումը դեպի Հայաստանի արևելք։ Այսինքն՝ կան Ռուսաստանի արձագանքի տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ սպառազինության մատակարարում, որոնք, հուսով եմ, ինչ-որ տարբերակով իրականացվում են։ Ռուսաստանը հնարավոր քայլերի լայն ցանկ ունի, թե դրանցից ո՞րը կընտրի՝ կախված է իրավիճակից շփման գծում, ահաբեկչական սպառնալիքից։ Դեռ Ռուսաստանը ցանկանում է լուծել դիվանագիտական և սահմանափակ ռազմական աջակցության ճանապարհով, սակայն այստեղ բարդություն է հաղորդում այն, որ պետք է պայմանավորվել ոչ թե Ալիևի, այլ Էրդողանի հետ, իսկ Էրդողանը սկսում է քննարկել այլ թեմաներ՝ Սիրիա, Լիբիա և ոչ այնքան՝ Ղարաբաղ։ Դրանով Էրդողանի հետ խոսակցությունը բարդանում է, քանի որ այն ունի լայն բնույթ։

Ես կարծում եմ, որ ՌԴ ղեկավարությունը պատրաստում է տարբեր առաջարկներ և դրանցից որոշները կարող են ինչ-որ ձևով իրականացվել, երբ քաղաքական որոշում կայացվի։ Ուստի պետք է սպասել քաղաքական որոշման»,- ասաց Եվսեևը։

Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է դադարեցնել պատերազմը, որի համար գուցե կարիք լինի պարտադրել խաղաղություն՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ համապատասխան ճնշումներ բանեցնելով։

«Այն, ինչ ասում ենք ես և պարոն Զատուլինը, միջոցներ են, որոնք կարող են օգտագործվել խաղաղության պարտադրման համար, քանի որ, որքան ես եմ հասկանում, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմել մինչև վերջին ադրբեջանցին, և նույնիսկ կասեի, որ մինչև վերջին թալիշը, լեզգինը, թաթը, ավարը։ Դա Ադրբեջանի փոքրամասնությունների ցեղասպանություն է նաև։ Եթե Ադրբեջանը չի հասկանում, ապա Ռուսաստանը լավ սպառազինություն ունի և փորձ է անցել, օրինակ՝ Լիբիայում «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցները, որոնք շատ արդյունավետ են գործել Լիբիայում թուրքական անօդաչու սարքերի դեմ, այդ համակարգի շնորհիվ 15 անօդաչու է ոչնչացվել, և Ռուսաստանը նմանատիպ բազմաթիվ հնարավորություններ ունի, որոնք կարող են ստեղծել նաև անթռիչք գոտի, որոնք կարող են վերականգնել շփման գծում ուժերի միջև եղած հավասարակշռությունը։ Կարող են հարվածներ հասցվել ահաբեկիչներին, և այդ դեպքում կարող են տուժել բոլոր նրանք, ովքեր կլինեն նրանց հետ, և այդ դեպքում թող այդ իշխանությունը պատասխանատվություն կրի»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ կան ճնշման տարբեր միջոցներ, և պարտադիր չէ, որ բոլորը ողջ ծավալով իրականացվեն։

Այդ ճնշման միջոցները ոչ միայն ռազմական են։

Ըստ ռազմական վերլուծաբանի՝ ներկայումս դիտարկվում են Բաքվի նկատմամբ ճնշումների տարբեր եղանակներ։

«Քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական՝ աշխատանքային միգրացիայի սահմանափակում և բազում այլ ճնշումներ կարող են լինել, ներկայիս իրավիճակը Ռուսաստանի համար անընդունելի է։ Ռուսաստանն աշխատում է՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու վտանգները»,- ասաց ռազմագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել