168.am-ը գրում է.

«Ես  հույս ունեմ, որ երկու ԱԳ նախարարները պատրաստվում են Վաշինգտոնում հանդիպել»,- լրագրողների հետ առցանց ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության հարցը բարձրացնելու են Թուրքիայի գործընկերոջ հետ շփումներում, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի մեծ դերակատարություն պետք է ունենա հակամարտության գոտում։

Դեսպան Հաթչիսոնն ասել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է  անել այն, ինչ ԱՄՆ-ն է անում, և այն, ինչ նաև Ռուսաստանն է անում՝ փորձել դադարեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Նրա խոսքով՝ սա հակամարտություն է, որը շարունակվում է 30 տարի, կան Մինսկի խմբի համանախագահներ՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որոնք պատրաստ են քննարկելու հակամարտության արմատները, այսինքն՝ որտեղ են Ադրբեջանի ինքնիշխան սահմանները, և ինչպես կարող են տեղավորել հայկական բնակչությանն այդ սահմաններում։ Նրա խոսքով՝ դա կարող է կարգավորվել, և այդ դեպքում հակամարտությունը կավարտվի։

«Միևնույն ժամանակ՝ մենք կոչ ենք անում  կողմերին, և ես հույս ունեմ, որ երկու ԱԳ նախարարները պատրաստվում են Վաշինգտոնում հանդիպել, նվազագույնը Վաշինգտոնում այս շաբաթ նրանց հանդիպման պլան կա՝ քննարկելու ճանապարհները  բռնությունը դադարեցնելու համար, դադարեցնելու համար սպանությունը։ Սա չի կարող լուծվել ռազմական հակամարտությամբ։ Դա պետք է լուծվի սահմանային գծերի և ինքնիշխանության հարցերի շրջանակում։  Եվ դա այն է, ինչը մենք ենք պնդում,  Ռուսաստանը նույնն է պնդում, ինչպես նաև Ֆրանսիան: Եվ մենք հուսով ենք, որ նրանք կհամաձայնեն այդ խմբի կամ որևէ խմբի հետ, որի շուրջ երկուսն էլ կհամաձայնեն և կդիտարկեն հուսալի լուծում տալ  այս հիմնախնդրին, որպեսզի հակամարտությունն ու սպանություններն ու ավերածությունները դադարեն այդ տարածքում»,- նշել է Քեյ Բեյլի Հաթչիսոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել