168.am-ը գրում է.

Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում զոհված Սամսոն Ռաչիկի Ամարյանը 32 տարեկան էր, զորացրվելուց անմիջապես հետո՝ 20 տարեկանից, անցել էր պայմանագրային ծառայության: 168.am-ի հետ զրույցում  Սիսիանի համայնքապետարանի աշխատակից Ռուբեն Մանուչարյանը պատմեց, որ Սամսոնը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Գորիսից տեղափոխվեց Շաքի:

«Բարի, համեստ, խելոք տղա էր Սամսոնը, բացի պայմանագրային ծառայությունից, զուգահեռ՝ նաև անասնապահությամբ էր զբաղվում: Հայրը 4 տարի առաջ էր մահացել, ունի 2 քույր, որոնք ամուսնացած են, ապրում էր իր մայրիկի հետ: Լսել էի՝ Սամսոնն ասել էր, որ մինչև տարեվերջ՝ դեկտեմբերին, անպայման պետք է ամուսնանար»,- պատմեց Մանուչարյանը:

Սամսոնը փեսայի հետ նույն դիրքում է կռվել, պատմել են, որ ավիացիոն հարվածը հենց Սամսոնի ուղղությամբ էր եղել:

«Փեսան իր աչքերով տեսել է, թե ոնց է Սամսոնն ավիացիոն հարվածի տակ ընկել, մի քանի մետր հեռավորության վրա է եղել, ընդ որում, առաջին օգնությունը հենց փեսան է ցույց տվել, նա էլ վիրավորվել է: Ես փեսայի հետ խոսել եմ Սամսոնի հուղարկավորության օրը, ասաց՝ մի քանի մետր այն կողմ, որ ավիացիոն հարվածը ստացավ այդ խրամատը, Սամսոնը ևս 4 հոգու հետ մեջն էին, ես հանեցի Սամսոնին, արդեն վերջին շունչն էր վրան, որովհետև շատ ծանր էր վիրավորվել: Հրամանատարն է Սամսոնին և մյուս 4 տղաներին այդտեղից դուրս բերել: Պատմում են, որ Սամսոնն ընդհանրապես խուճապի չի մատնվել, ասել է՝ ահեղ պատերազմ է, մարտնչում ենք, պայքարում ենք, ծառայում ենք…»,- ասաց Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցը:

Սամսոնին հուղարկավորել են հոկտեմբերի 10-ին՝ Սիսիանի քաղաքային պանթեոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել