Tert.am-ը գրում է.

Դերոն շատ ուրախ, դուխով տղա էր, 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց: Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայում էր, տանկիստ էր, հերոս Քյարամ Սլոյանի դասընկերն էր, նաև զինակից ընկերն էր: Գնաց, հասավ իր ընկերոջը: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Դերենիկ Խաչատրյանի ազգական Հայկ Սարգսյանը:

«Ծառայությունից հետո ընդունվեց խաղաղապահ զորքեր, Աֆղանստանում էր, սեպտեմբերի 19-ին եկավ, մեկ շաբաթ հետո մեկնեց Արցախ: Ասում էր՝ Աֆղանստանից գամ, ամուսնանամ: Մահվան մասին լուրերով իմացա. այդ օրը Բելգիայի հայ համայնքով օգնություն էինք ուղարկում Հայաստան, ցերեկվա ժամերին եկա տուն, որ հաց ուտեի, այդ պահին լուրերը սկսվեց, զոհվածների անունները գրեցին ու կարդացի հերոսիս անունը: Զանգահարեցի Հայաստան, բայց իրենց տանը տղամարդ չկար. բոլորն առաջնագծում էին, հայրը, եղբայրը»,- ասաց նա:

Ազգականը ցույց տվեց այն նամակագրությունը, որտեղ Դերենիկը հպարտանում էր այն հաջողությամբ, որին հասել էր Աֆղանստանում: «Ես էլ հասա իմ տրամաբանական ավարտին, ախպերս, մեդալս էլ ստացա, 19-ին թռնում եմ Հայաստան»: Հայկ Սարգսյանը ցույց տվեց նաև Դերենիկի հետ ունեցած վերջին խոսակցությունը. «Հա, ախպերս,  դե, զգույշ ենք էլի, որ կպավ, կկպնի, չնայած՝ կպնի էլ, բան չկա, կանցնի»:

Դերենիկ Խաչատրյանի ընկեր Պարգև Եղիազարյանը  Tert.am-ին փոխանցեց, որ Դերոն ըմբոստ և նպատակասլաց բնավորություն ուներ, իր խոսքի տերն էր,  երազանքները դարձնում էր նպատակ և կարճ ժամանակում փորձում հասնել դրանց:

«Դերոն չէր ենթարկվում ոչ մեկին,  բացի իր մայրիկից, ամեն մի երազանք տիկին Սուսաննայի հետ համաձայնեցնելուց հետո նոր դարձնում էր  նպատակ: Դերոն ծառայության էր, երբ իմացավ իր մանկության ընկերոջ՝ Քյարամի մահվան գույժը, նա թշնամանքով և վրեժի զգացումով էր լցված ազերի հրոսակախմբերի հանդեպ: Իսկ նպատակները մնացին կիսատ և՛ Դերոյի, և՛ Քյարամի, և՛ մեր մյուս հայորդիների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենի հողի փրկության և հայ ժողովրդի հարատևության համար: Աֆղանստանից վերադառնալուց հետո,  դեռ չէր էլ հասցրել շունչ քաշել, կարոտն առնել հարազատներից ու ընկերներից, երբ  եկավ ժամանակը կրկին հայրենիքը պաշտպանելու՝ հիմա արդեն Արցախի հյուսիսային շրջանում՝ հեռավոր Քարվաճառի ցրտաշունչ լեռներում: Վերջին անգամ տեսել եմ մեր բակում, բարի գալուստ ասել, չեմ հասցրել նույնիսկ առաջիկա անելիքների մասին տեղեկանալ, ժամանակը սուղ էր»,- պատմեց ընկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել