168.am-ը գրում է.

«Տիգրանս հավասարակշռված, զուսպ տղա էր, անգամ, երբ շատ փոքր էր, մանկապարտեզում ասում էին՝ այս տարիքում այսպես զուսպ, այսքան չափված-ձևված երեխա մենք չենք տեսել, միշտ հավասարակշռված, հանգիստ, երբեք ձայնը չէր բարձրացնի, իր խոսքն ինքը հանգիստ էր ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Տիգրան Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Ոսկանյանը:

Տիգրանը ծնվել էր 2000 թվականի դեկտեմբերի 22-ին, բանակ էր զորակոչվել նախորդ տարի հուլիսի 18-ին: Շատ երազանքներ ուներ, բայց առաջնայինը՝ զորացրվել և ընդունվել համալսարան, պարբերաբար մոր հետ քննարկել են, թե որ համալսարանում և որ բաժնում պետք է սովորեր:

    

«Զանգում էր՝ մամ ջան, որ գամ՝ պետք է համալսարան ընդունվեմ, արդեն իրար հետ համալսարան էինք ընտրում, բաժինը: Որոշեցինք, որ գա, նոր ընտրենք համալսարանը, բայց կառավարում բաժինն էր ուզում ընդունվել: Ասաց՝ մամ ջան, կգամ, կորոշեմ, թե կոնկրետ որտեղ ընդունվեմ, կաշխատեմ, կսովորեմ, մամ ջան, քեզ ամեն հարցում թիկունք կլինեմ: Տիգրանս նաև խոհանոցն էր սիրում, սկզբից ուզում էր խոհարար դառնալ, սիրում էր տեսակ-տեսակ պատրաստել…»,- պատմեց Տիգրանի մայրը:

    

Մայրը հիշում է, որ Տիգրանը դպրոցում մինչև 5-րդ դասարան գերազանց է սովորել, պահել է որդու գովասանագրերը: Բանակում նույնպես պատվոգրեր և շնորհակալագրեր էր ստացել, պարզապես չհասցրեց տուն բերել.

«Բանակից էլ շատ պատվոգրեր ու շնորհակալագրեր ուներ իմ բալեն, որ պետք է հետը բերեր, այստեղ մի հատ ունենք՝ գյուղապետի կողմից է, մնացածն ինքը պետք է բերեր: Մի անգամ էր արձակուրդ եկել, բայց ոչինչ չէր ասում ծառայության մասին, շատ փակ երեխա էր, ամեն ինչ չէ, որ կասեր, կկիսվեր: Երբեք չէր բողոքում ծառայությունից, շատ լավ էր իրեն զգում այնտեղ, շատ ընկերներ ուներ»:

  

 

Ինչպես սահմանում կանգնած բոլոր զինվորները, այնպես էլ Տիգրանը, ստացել էլ հայրենակիցների  դեպի սահման ուղարկած սնունդը: Տիգրանին բաժին հասած տուփում, բացի քաղցրավենիքից, նաև նկար էր եղել՝ մի երեխայի.

«Կոնֆետներ, նամակներ էր ստացել երեխես, նկարվել էր այդ նամակի հետ: Ասում էր՝ մամ, էդ ինչ դուխ ա տալիս երեխեքի ուղարկածները, այնքան ուղարկածներից չէ, ինչքան գրածներից էր իմ երեխեն ուրախացել: Շատ քաջ էր, ռիսկով էր Տիգրանս, միշտ լավն էր խոսում»:

Տիգրանը վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 13-ին, հենց այդ օրն էլ նա զոհվել է:

«Նամակներ էր ինձ գրում, շատ հաճախ չէր զանգում, այլ գրում էր, զոհվելուց մի 2 օր առաջ գրել էր՝ մամ ջան, հպարտ եղեք, հերոս տղեդ պատմություն ա կերտում: Ամսի 8-ին գրել էր՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, հանգիստ եղիր, հետ ենք վերցնում հողերը, սիրում եմ շատ…»:

Տիգրան Նորայրի Հարությունյանին հուղարկավորել են հոկտեմբերի 18-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել