168.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ ՄԱԿ-ի երեկվա փակ խորհրդակցությունից այլ բան չէին էլ սպասում, քան այն ընդհանրական հայտարարությունը, որն արվեց։

«Միշտ էլ այդպես է եղել, և մենք հենց այսպիսի ելք էինք ակնկալում։ Գուցե ավելիին էինք սպասում, բայց ընդհանուր առմամբ բավարար կարող ենք որակել, քանի որ կարևորում են խաղաղությունն ու պատերազմի դադարեցումը, այս տեսակետից բավարար է»,- 168.amի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության փակ խորհրդակցություն, որից հետո ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել և կարևորել խաղաղության ձեռքբերումը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որտեղ երկուստեք պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Մոսկվայում և քննարկելու Արցախի հիմնահարցը, Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է հանդիպեն և հարցը քննարկեն, իսկ առաջին հերթին՝ պատերազմական գործողությունների դադարեցումն է։

«Երկուստեք կան զոհեր և, առաջին հերթին, մարդասիրական տեսանկյունից մոտենան հարցին։ Արցախի հարցի հետ կապված մեր մոտեցումն անփոփոխ է․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա մեզ համար պարզապես կլինի մահապատիժ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր ժողովուրդը դատապարտված է երկարատև պայքարի, այլ տարբերակ չկա, մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի, բայց սա չի նշանակում, որ մշտապես պատերազմի մեջ պետք է լինենք, պարզապես պետք է մարտահրավերներին դիմակայենք՝ սա է մեր աշխարհաքաղաքական դիրքը։ Նաև պետք է հասկանանք, որ մեր ամենամեծ թշնամին մենք ենք, մեր եսասիրությունը, մեր ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը և բացասական այնպիսի երևույթներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում բերել են հայոց պետականության կործանմանը։ Այ, երբ հաղթահարենք ինքներս մեզ և մեր բարդ բնավորությունները, որոնք կան, ապա այդ ժամանակ՝ այնպիսի հաղթանակներ, որ նույնիսկ չենք էլ պատկերացնում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել